Մատչելիության հղումներ

Ստամբուլի հայ համայնքի համար օրակարգային է մնում նոր պատրիարքի ընտրության հարցը


Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ
Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ

Պատրիարքարանում այժմ սպասում են տեղի իշխանություններին ուղղած՝ իրենց նամակի պատասխանին, իսկ մինչ այդ, համայնքում ավելի հաճախ է հնչում հետևյալ հարցը՝ ինչու՞ պետք է պատրիարքի ընտրությունը համաձայնեցնել իշխանությունների հետ:

«Ակօս» պարբերականի հաղորդմամբ՝ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագից հետո տեղի ունեցած ընդունելության ժամանակ, որին ներկա են եղել հայազգի պատգամավորներ Սելինա Դողանը, Գարո Փայլանը, ինչպես նաև հայկական հիմնադրամների ղեկավարներ ու բարերարներ, քննարկվել են նոր պատրիարքի ընտրությանն ու համայնքային մյուս խնդիրներին առնչվող հարցեր։

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, անդրադառնալով պատրիարքի ընտրության հարցին, հայտարարել է, որ Ստամբուլի նահանգապետարանն առայժմ չի արձագանքել շաբաթներ առաջ պատրիարքարանի կողմից նահանգապետ Վասիբ Շահինին ուղղված նամակին, որով հայ համայնքի հոգևոր առաջնորդները հանդիպում են պահանջել։

Հոկտեմբերի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ հոգևոր խորհուրդը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ վիճակում գտնվող ներկայիս պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը լուծարված էր համարել։ Որոշում էր կայացվել նոր պատրիարքի ընտրության հարցը քննարկել թուրքական պատկան մարմինների հետ։

Արքեպիսկոպոս Աթեշյանի խոսքով՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում նահանգապետարանը չպատասխանի իրենց նամակին, ապա նոր պատրիարք ընտրելու պահանջ պարունակող նամակն ուղղակիորեն նահանգապետարանին կուղղվի։ «Կարծում ենք, որ այդ հանդիպումն ուշանում է երկրի հագեցած օրակարգի և ահաբեկչական հարձակումների պատճառով։ Եթե այս շաբաթ էլ զարգացում չլինի, ապա մեր նամակը կհանձնենք Ստամբուլի նահանգապետարան»,- հայտարարել է Աթեշյանը։

«Ակօս»-ը գրում է, որ համայնքի համար որոշ հարցեր դեռևս անպատասխան են մնում։ Մասնավորապես, հստակ չէ վերոնշյալ նամակի բովանդակությունը՝ արդյո՞ք պատրիարքարանն իր նամակով Ստամբուլի նահանգապետարանից ընտրություն անցկացնելու թույլտվություն է խնդրում, թե՞ պարզապես տեղեկացնում է իր որոշման մասին։

Հայ համայնքի հոգևոր և հանրային գործիչների հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է նաև որոշ եկեղեցիներում քահանաների բացակայության հարցը։ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ Ստամբուլի հայկական երեք եկեղեցիներ մնացել են առանց հովվապետի։ Քահանաների սահմանափակ թվի պատճառով խնդրին ժամանակավոր լուծում է տրվել՝ երկու հոգևորական ունեցող եկեղեցիների քահանաները հերթով ծառայելու են առանց առաջնորդի մնացած եկեղեցիներում։

Հանդիպման վերջում եզրափակիչ խոսքով հանդես եկած՝ պատրիարքարանի հոգևոր ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը խոսել է օրակարգային մեկ այլ հարցի՝ հայ համայնքում նկատվող արտագաղթի խնդրի մասին։ Նա ընդգծել է, որ 2017 թվականին անհրաժեշտ է հատուկ աշխատանք տանել համայնքի ներսում արտագաղթի տրամադրությունները փոխելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG