Մատչելիության հղումներ

Արդարադատություն նախարարությունը պնդում է, թե դիտորդական խմբի արձանագրած թերությունները վերացված են


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի որոշ խցերում անմարդկային պայմաններ են՝ այս մասին եզրահանգել են բանտերում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամները պատահական այցի ժամանակ։ Ըստ հրապարակված հայտարարության՝ հիմնարկի ստորին հարկում գտնվող խցերից մեկում վխտում են խավարասերները, միջատներին անզեն աչքով կարելի է տեսնել առաստաղին, պատերին, նաև սնունդ պարունակող տուփերում։ Բացի այդ՝ խուցը խոնավ է, օդափոխություն չի կատարվում, իսկ պատուհանը բացելիս դրսից ջուրը լցվում է ներս՝ գետնից ցածր մակարդակի վրա գտնվելու պատճառով։

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ այդպիսի խնդիրներ առկա են նաև առաջին հարկում գտնվող մյուս խցերում․ - «Պարբերաբար նման խնդիրներ լինում են: Մենք միշտ այդ խնդիրը բարձրաձայնել ենք: Գարշահոտության մասին էլ չեմ խոսում․ հատված կա, որն անցնելիս մարդ պետք է ուղղակի շնչառությունը պահի․․․ Այնտեղ կոյողաջրերի, բանի հետ կապված խնդիր կա»:

Դիտորդական խումբն այս իրավիճակն արձանագրել է դեռ դեկտեմբերին։ Ռոբերտ Ռևազյանի փոխանցմամբ՝ ըստ կարգի, մինչև հայտարարությունը հրապարակելը տեղյակ են պահել Արդարադատության նախարարությանը։ Պատասխանը ստացել են երեկ, որտեղ գերատեսչության համապատասխան վարչությունը վստահեցրել է, որ խնդիրը վերացված է․ - «Նշել էին, որ արձանագրված խնդիրները վերացել էին արդեն, այդ անմարդկային պայմանները: Հիմա մեր խումբն արդեն այսօր կրկին այցելել է՝ ստուգելու նպատակով»:

«Ազատության» հետ զրույցում քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը ևս նշեց, որ խնդիրը վերացված է՝ բացառելով, որ մյուս խցերում նման իրավիճակ է:

Մինչդեռ Սարի թաղի բախումների գործով կալանավորվածների հարազատները պատմում են այլ իրականության մասին։

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Էդուարդ Զեյթունյանի կինն նշում է, որ «Նուբարաշեն»-ում սանիտարահիգենիկ պայմանների ապահովման մասին խոսելը պարզապես ծիծաղելի է․ - «Իրանց տասնչորս հոգով են: Ասում ա՝ մեր կերակուրի մեջ տարականը արդեն մեր համար սովորական բան ա, հացի տոպրակների մեջ: Դա ես մի անգամ էլ եմ բարձրաձայնել: Տիկին Հովհաննիսյանը ինչ-ինչ պատճառներով նենց ա ներկայացնում էդ քրեակատարողական խցերը, որ հավեսդ գալիս ա, ասում ես՝ երևի ընտանիքս վերցնեմ, տեղափոխվեմ, այնտեղ բնակվեմ»:

Իսկ նույն գործով կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը պնդում է․ - «Ես չեմ կարծում, որ մեր նախարարը իրա շորերը լվանալուց եռացնի: Այսինքն, եթե դու բերդից շորը բերում ես, դու պիտի պարտադիր եռացնես, որ միջի միջատները սատկեն»:

Փաստաբան Արային Պապիկյանի ձևակերպմամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողականում պատիժը կրելն արդեն իսկ խոշտանգում է։ Ըստ նրա, տիրող իրավիճակի, նաև քրեակատարողական հիմնարկի գերբեռնվածության մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են, սակայն ոլորտը վերահսկող կառույցի պատասխանը միշտ եղել է ստանդարտ՝ միայն թվերի ու տեքստերի տեսքով։

«Մենք կարիք ունենք առարկայական միջամտության: Մինչև բազմաթիվ բողոքներ չեղավ, քննչական կամ փաստաբանների հետ կատարվող գործողությունների սենյակներում չջեռուցվեց: Դեկտեմբերի մոտավորապես 20-ին նոր ջեռուցվեց», - պատմեց Պապիկյանը:

Այն, որ «Նուբարաշեն»-ը քրեակատարողական հիմնարկների մեջ իսկապես ամենախոցելին է, արձանագրել է նաև Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հայաստանյան բանտերի և իրավապահ համակարգի վերաբերյալ վերջին զեկույցում։ Հեղինակները նկատել են, որ «Նուբարաշեն»-ը շարունակում է գերբնակեցված մնալ: Բացի այդ, բանտախցերի պայմանները տարբեր են՝ որոշ խցեր ավելի լավն են մյուսներից:

Դիտորդական խմբի անդամները իրենց հայտարարության մեջ առաջարկել են կիսանկուղային խուցն այլևս չբնակեցնել՝ հաշվի առնելով դրա անմարդկային պայմանները։

Ռոբերտ Ռեւազյանն, ամփոփելով ընդհանուր իրավիճակը նշում է, որ տարիների ընթացքում բարձրացված խնդիրների մի փոքր մասն է միայն լուծում ստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG