Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը տրոհվեց: Ներկայիս առաջնորդներից մի քանիսը, պատգամավորների մեծ մասը հեռացան կուսակցությունից:
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան Միխեիլ Սաակաշվիլիին համեմատել է իր ժամանակը սպառած հին մեքենայի հետ, որը պետք է դեն նետել:
«Մեզ՝ քաղաքական գործիչներին, կարելի է համեմատել ավտոմեքենաների հետ, որոնք ծառայում են ձեզ: Երբ ավտոմեքենան արդեն չի կարողանում կատարել իր ֆունկցիաները, բայց մենք այնուամենայնիվ նրան սիրում ենք, ապա կարելի է այն կանգնեցնել ավտոտնակում, որպես անտիկվարիատ, և երբեմն հանգստյան օրերին ինչ-որ տեղ գնալ, բայց եթե այդ ավտոմեքենան անտիկվարիատ չէ, կարելի է այլ որոշում ընդունել՝ նետել այն աղբանոցը», - երեկ ճեպազրույցում ասել է Գիգի Ուգուլավան, նշելով, որ իրեն միշտ համարել է Սաակաշվիլիի աջակիցը, սակայն հիմա նրան էֆեկտիվ առաջնորդ չի համարում:
Նա հայտարարել է, թե քաղաքական փախստականների հետ վիճաբանության կամ պայքարի մեջ չի մտնի:
Գիգի Ուգուլավան բանտից ազատ է արձակվել այս տարվա հունվարի 6-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ: Վրաստանում, երբ իշխանության եկավ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը, 2015-ին նա ձերբակալվեց և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:
Ուգուլավայի հետ Միացյալ ազգային շարժումից հեռանում են պատգամավորների մեծ մասը, այդ թվում՝ Դավիթ Բաքրաձեն, Գիգի Բոկերիան իր թիմով:
Անցած աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 150-տեղանոց խորհրդարանում Ազգային միացյալ շարժումը 27 մանդատ էր ստացել, նրանցից 21 պատգամավորը հեռացան կուսակցությունից:
Նրանց ճեպազրույցից ավելի ուշ Ազգային միացյալ շարժման գրասենյակ եկավ կուսակցությանը հավատարիմ պատգամավոր Նիկա Մելիան: «Մենք հարգում ենք նրանց կարծիքը: Հեռացողը հեռացավ: Մենք պարզապես զարմանում ենք, որ առաջին ճեպազրույցը նրանք անցկացրեցին Իվանիշվիլիի ոճով՝ ամբողջ ժամանակը տրամադրեցին հայհոյելու համար Ազգային միացյալ շարժմանը և նախագահ Սաակաշվիլիին», - ասել է Նիկա Մելիան:
Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության ներսում տարաձայնություններն ի հայտ եկան անցած աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ազգային միացյալ շարժումը պարտություն կրեց: Միխեիլ Սաակաշվիլին առաջարկեց հրաժարվել մանդատներից և անցնել արտախորհրդարանական պայքարի, սակայն Գիգա Բոկերիայի, Դավիթ Բաքրաձեի գլխավորությամբ կուսակցությունը որոշեց մտնել խորհրդարան, իսկ հիմա էլ որոշեցին դուրս գալ կուսակցությունից:
Միխեիլ Սաակաշվիլին արդեն նախկին թիմակիցներին մեղադրել է մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հետ գործարքի գնալու մեջ: