Երեկ երևանյան գրասենյակին հասցերագրված դիմումից հետո, այսօր Ներսեսի քրոջն ու կնոջը ընդունել է պատվիրակներից մեկն ու խոստացել արագացված կարգով հարցը քննարկել։
Կնոջ՝ Լիա Պողոսյանի խոսքով, միգուցե հենց նրանք համոզեն ամուսնուն թողնել պայքարի այս ծայրահեղ տարբերակը, քանի որ վերջինս սրտի ու աղեստամոքսային համակարգի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունի․ - «Մենք հանդիպել ենք Մարկ Բրինկլի հետ, պատվիրակը Կարմիր Խաչի, ներկայացրել ենք Ներսեսի գործը: Ինքը ասաց, որ քրեական գործի շրջանակներում Կարմիր Խաչը ոչ մի կերպ չի կարող միջամտել: Հարցրեց, թե ինչ առողջական խնդիրներ ունի»:
Հաշվի առնելով, որ մի քանի օրից կլրանա հացադուլի մեկ ամիսը՝ Կարմիր Խաչում խոստացել են սեղմ ժամկետներում դիմումին պատասխան տալ։
Ներսեսի քույրը՝ Վարսիկը, պնդում է, որ եղբոր վիճակն իսկապես մտահոգիչ է․ - «Մեր համար այս պահին ոչ թե կարևոր է, թե որ կառույցը ինչպես կարձագանքի, այլ միայն իմ եղբոր առողջությունն է այս պահին կարևոր»:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին Ներսես Պողոսյանին այցելելու թույլտվության հարցը պետք է սահմանված կարգով քննարկվի իրենց վարչությունում: Անդրադառնալով Ներսեսի առողջական վիճակին՝ Ղլեչյանն ասաց. - «Գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս պահին առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այսօր նրան այցելել է նաև հոգեբանը, համապատասխան զրույց են ունեցել»:
Ներսես Պողոսյանի փաստաբանը, սակայն, այս հարցում համաձայն չէ Ղլեչյանի հետ։ Արայիկ Պապիկյանը, ով այսօր է տեսակցել իր պաշտպանյալին, վստահ է, որ նա լուրջ բժշկական հսկողության կարիք ունի և «արյան ճնշում չափելով, հարցը չի լուծվի»․ - «Ես կարծում եմ, ինքը ներկայումս այնպիսի վիճակում է, որ լավ կլիներ նրան տեղափոխեին ավելի պատշաճ տեղ բժշկական հսկողությունը ապահովելու առումով»:
Փաստաբանի խոսքով՝ Ներսեսը «շատ տկար է, հյուծված, գունատված, բայց՝ վճռական», և հետ չի կանգնել ջրադուլ հայտարարելու մտքից։
Ինչ վերաբերում է գործի մանրամասներին, ապա փաստաբանի խոսքով, այսօր վերաքննիչ ատյանից վերջապես ստացել են որոշումը։ Դեկտեմբերի 14-ին խափանման միջոցը չփոխելու մասին Վերաքննիչի որոշումը կարդալուց հետո փաստաբանը զարմանում է՝ գործի մանրամասներին առհասարակ դատարանը ծանոթ եղե՞լ է, թե՞ ոչ․ - «Մենք բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի որոշումը, որ խափանման միջոցի երկարացումը եղել է առանց միջնորդության, այլ՝ գրության հիման վրա: Վերաքննիչ դատարանը բացարձակապես դրան անդրադարձ չի կատարել»:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Վերաքննիչի վճիռը շուտով կբողոքարկեն վճռաբեկում, հետո էլ՝ Եվրոպական դատարանում։ Պապիկյանի խոսքով, իր պաշտպանյալին վշտացրել է գլխավոր դատախազի հայտարարությունը, թե «Ներսեսի իրավունքն է ուշադրության արժանանալ հացադուլով»․ - «Ինքը շատ կարճ արձագանքեց, ասեց՝ ես աստեղային հիվանդությամբ չեմ տառապում, որպեսզի հացադուլի միջոցով իմ նկատմամբ ուշադրություն հրավիրեմ, և լավ կլիներ, որ դատախազը իմ ներկայից վիճակին իրավական գնահատական տար, ոչ թե զգացմունքային գնահատականներ»:
Ներսեսի ընտանիքի անդամներն այսօր ևս եղան դատախազությունում։ Բազմաթիվ անգամ զանգահարելուց ու գործը վերահսկող դատախազի հետ հանդիպում խնդիրելուց հետո, մի քանի ժամ անց նրանց վերջապես ընդունեց Պետրոս Պետրոսյանը։
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Ներսեսի կինը՝ խոստացել են գործը քննարկել ու վստահեցրել, որ այն մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։ Թե երբ կավարտվեն քննարկումներն ու երբ կլինի պատասխանը, չեն նշել։