Մատչելիության հղումներ

Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման մրցույթն արդեն հայտարարված է


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) շուտով մրցույթ կհայտարարի՝ ընտրելու 4000 անձանց, ովքեր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին կաշխատեն որպես տեխնիկական սպասարկող մասնագետներ։

«Նշված որոշման նախագծի նախապատրաստումը պայմանավորված է եղել Ընտրական օրենսգրքի պահանջներով, որովհետև Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ», - պարզաբանեց ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ընդդիմադիրների պահանջով ներդրված նախաստորագրման համակարգը կիրառելու համար ընտրատեղամասում նոր անձ կավելանա, ով ընտրողներին կգրանցի համակարգչի միջոցով, կստուգի, թե արդյոք քաղաքացին առաջին անգամ է տեղամասում, կվերցնի մատնահետքն ու կտրամադրի կտրոնը, որով ընտրողն արդեն կմոտենա ընտրական հանձնաժողովին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մտավախություն չունի, թե հաշված շաբաթների ընթացքում Հայաստանում կարող են և չգտնել 4000 համակարգչային պահանջված հմտություններ ունեցող անձանց․ - «Նպատակը մեկն է, որպեսզի իրականում ընտրվեն մարդիկ, որոնք կկարողանան լիարժեք ծավալով սպասարկել և աշխատեցնել այդ տեխնիկական սարքավորումները: Այդ անձինք պետք է անցնեն համապատասխան ուսուցում: Ես նշեցի, որ նախատեսվում է նույնիսկ երկօրյա ուսուցում յուրաքանչյուրի համար»:

Տեխնիկական սպասարկող անձնակազմը ձևավորելուց բացի, այժմ ձեռք են բերվում նաև համակարգիչներ ու ստեղծվում է այն ծրագիրը, որով կիրականցվի ընտրողների նախագրանցումը։ Մուկուչյանը փոխանցեց, որ այդ հարցով զբաղվում են հենց ֆինանսավորող կողմերը․ - «Դա բավականին մեծ ծախս է, բնական է, իրենից ենթադրում՝ չորս հազար նման սարքավորումներ տեղամասային կենտրոններում, համապատասխան ծրագրային ապահովման փաթեթի մշակում, որը պետք է արդեն տեղադրված լինի այդ սարքերի մեջ: Այդ ամբողջը մեկ միասնական փաթեթով է իրականացվում: Եվ երբ արդեն սարքավորումները մենք կստանանք, կլինեն նաև փաստաթղթերը, այդ ժամանակ ևս այդ մասին հրապարակային իրազեկենք»:

Ընդդիմադիրների և իշխանությունների միջև երկար բանակցությունների արդյունքում ապրիլի 2-ի հաջորդ նորամուծությունը պետք է լինի բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը, որոնք ուղիղ եթերով կցուցադրեն ընտրությունների ընթացքը։ Այս գործընթացն իրականացնող ընկերությունն ընտրելու համար մրցույթն արդեն հայտարարվել է։

ԿԸՀ-ի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարավոր է, որ տեխնիկապես գործը գլուխ չբերելու պատճառով ընդդիմադիրների հետ ձեռք բերված այդ պայմանավորվածությունը պարզապես չկատարվի։ Մուկուչյանն արձագանքեց․ - «Այս փուլում ընթանում է մրցույթը, ընդունվում են մրցութային առաջարկներ, կա սահմանված ժամկետ: Ես, համենայն դեպս, կարծում եմ, որ հարցի հասցեատերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ: Ես ընդամենը փաստերն են ֆիքսում: Ես կառաջարկեի սպասենք, մրցույթը ավարտվի»:

Մեկ այլ որոշմամբ այսօր ԿԸՀ-ն սահմանեց ընտրողների ստորագրված ցուցակների սկանավորման կարգը։ Խոսքը տարիներ ի վեր ընդդիմադիրների հնչեցրած պահանջի՝ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարկման, մասին է։

Ընտրության հաջորդ օրը՝ ապրիլի 3-ի կեսօրից հանձնաժողովը կսկսի սկանավորել այդ ցուցակները, որոնք 24 ժամվա ընթացքում կտեղադրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում․ - «Ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասերում, քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված ընտրողների ցուցակների և դրանցով քվեարկությանը մասնակցած քաղաքացիների, մնացած պարագայում ցուցակները սկանավորվելու են և հրապարակվելու են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG