Ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) վերաբերող վերլուծական հոդված է հրապարակել, որում, մասնավորապես, նշված է, թե Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ չեն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչին:
«Արևմուտքում 2016-ի տնտեսական և քաղաքական ճգնժամը նոր հեռանկարներ բացեց Ռուսաստանի համար, Մոսկվան ուժեղացրեց իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանը նոր ռազմաքաղաքական համաձայնագրեր կնքեց Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի հետ։ Սակայն, Ռուսաստանի հաջողությունը չի նշանակում ՀԱՊԿ-ի հաջողություն, որն ի սկզբանե ստեղծվում էր որպես հակակշիռ ՆԱՏՕ-ին»,- գրում է «Ստրատֆոր»-ը։
Հոդվածակագիրը թվարկում է ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններից մի քանիսը, այդ թվում նաև այն, որ անդամ երկրների ղեկավարներին արդեն երկու անգամ չի հաջողվել համաձայնության գալ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում: «Դեռևս 2015-ին ՀԱՊԿ-ի անդամները պայմանավորվել են, որ այդ պաշտոնը ռոտացիոն սկզբունքով երեք տարին մեկ անցնելու է անդամ երկրներից յուրաքանչյուրին։ Ըստ ռուսական այբուբենի, առաջինը Հայաստանն է, այսինքն՝ երկրները նախօրոք համաձայնվել են, որ Նիկոլայ Բորդյուժային պետք է փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը։
Հոկտեմբերին Երևանում կայացած՝ ՀԱՊԿ-ի գագթնաժողովին բացակայում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ դեկտեմեբերին կայացած Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրանց բացակայությունները, որոշ տվյալներով, պատահական չէին»,- նկատում է ամերիկյան վերլուծական կենտրոնը:
Ըստ հրապարակման, Ռուսաստանը «կարծես թե» խոստացել է Հայաստանին, որ վերջինիս ներկայացուցիչը զբաղեցնելու է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Այդ քայլով Մոսկվան վերահաստատել է իր աջակցությունը Երևանին, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ չեզոք դիրքորոշում էր որդեգրել»,- գրում է «Ստրատֆոր»-ի վերլուծաբանը, միևնույն ժամանակ ընդգծելով՝ Ղազախստանն ու Բելառուսը մտերիմ կապեր ունեն Արդբեջանի հետ, այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընդունելի համարել Հայաստանի ներկայացուցչին։
«Առաջիկա ամիսները հեշտ չեն լինելու կազմակերպության համար, տարաձայնությունները կպահպանվեն և՛ գլխավոր քարտուղարի պաշտոնի, և՛ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված։ Մոսկվան, իհարկե, ամեն ինչ կանի՝ այդ տարաձայնությունները մեղմելու համար»- գրում է «Ստրատֆոր»-ը, հավելելով, որ, Հայաստանի ներկայացուցչի փոխարեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռուսաստանը կարող է առաջարկել, օրինակ, ռուս թեկնածուի:
Անցած դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում որոշում էր կայացվել, որ Նիկոլայ Բորդյուժան, այնուամենայնիվ, թողնի պաշտնը: Նրա փոխարեն գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել Բորդյուժայի տեղակալ Վալերի Սեմերիկովը: «Ստրատֆոր»-ը շարունակում է՝ իհարկե, այդ բոլոր տարաձայնությունների հետևանքով կազմակերպությունը չի քանդվի, սակայն «հաստատ» կթուլանա: Ըստ հոդվածագրի, դժվար թե այսօր կարելի է պնդել, թե Ռուսաստանը, ստեղծելով ՀԱՊԿ-ը որպես ՆԱՏՕ-ին հակակշիռ, հասել է իր նպատակներին։
Ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը համաձայն է «Ստրատֆոր»-ի վերլուծության հետ։ Նրա կարծիքով ևս ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ չէ: Իրականում, ՀԱՊԿ-ը մի պետության շուրջ ձևավորված միություն է, նկատում է ռուսաստանցի վերլուծաբանն ու շարունակում՝ «Դժվար է պատկերացնել, որ ռազմական գործողությունների դեպքում Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանն այնտեղ [ԼՂ հակամարտության գոտի] զորքեր կուղարկեն»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործադիր մարմնի ղեկավարի հարցին, Ֆելգենգաուերը դժվարանում է ասել՝ արդյո՞ք ապրիլին (ինչպես ասվել էր Սանկտ Պետերբերգում) այդ պաշտոնը կզբաղեցնի Հայաստանի ներակայացուցիչը: «Եթե իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում շարունակի լարված մնալ, ես չեմ կարծում, որ Ղազախստանը կհամաձայնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներակայացուցչի նշանակվելուն:
Այսօր արդեն հարցը լուծվելու է Պուտինի մակարդակով։ Ես համոզված չեմ, որ Ռուսաստանն այդ հարցն առաջ տանելու համար նման արժեքավոր քաղաքական կապիտալ կծախսի։ Հնարավոր է, որ Հայաստանի համար ինչ-որ փոխհատուցում գտնեն»,- ենթադրություն է անում Ֆելգենգաուերը: Նրա կարծիքով, Հայաստանի ներակայացուցչի նշանակման համար հիմնական խոչընդոտը Ղազախստանի նախագահն է, քանի որ Աստանայի համար Բաքուն, հատկապես էներգետիկ հարցերում, չափազանց կարևոր գործընկեր է:
Ինչ վերաբերում է Բելառուսին, ռուսաստանցի փորձագետի կարծիքով, նախագահ Լուկաշենկոն ևս կարևորում է հարաբերությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հետ: «Սակայն, Լուկաշենկոյին համոզելն ավելի դյուրին է Մոսկվայի համար, քան Նազարբաևին։ Հայաստանի ներակայացուցչի հարցը կարող է միայն Մոսկվան լուծել: Բայց կկարողանա՞ կամ կցանկանա՞ ճնշել Նազարբաևին այս հարցում, ես դրանում համոզված չեմ։ Հատկապես, որ Մոսկվայի համար սա այնքան էլ սկզբունքային հարց չէ»,- նկատում է Պավել Ֆելգենգաուերը