Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու․ Ռուսաստանը վտանգավոր է, բայց անկանխատեսելի չէ


Ռեքս Թիլերսոն, արխիվ
Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում առաջադրված Ռեքս Թիլերսոնը այսօր Սենատում հայտարարել է, որ Ռուսաստանն իրենից վտանգ է ներկայացնում: ExxonMobil ընկերության նախկին նախագահն և գործադիր տնօրենը, սակայն, միևնույն ժամանակ կոչ է արել Մոսկվայի հետ «անկեղծ և բաց» երկխոսություն սկսել:

«Միջազգային հեղինակության հասնելու ձգտող Ռուսաստանը իր վերջին քայլերով անտեսել է ամերիկյան շահերը: Ռուսաստանը պետք է իմանա, որ մենք պատասխանատու ենք մեր պարտավորությունների և մեր դաշնակիցների համար, և Ռուսաստանը պետք է պատասխան տա իր քայլերի համար», - հայտարարել է Թիլերսոնը և հավելել. - «Միացյալ Նահանգների դաշնակիցներն ու ՆԱՏՕ-ն ճիշտ են, որ զգուշանում են Ռուսաստանից»:

Պետդեպարտամենտի հնարավոր ղեկավարի կարծիքով, համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի գործողությունները շատ անգամ պայմանավորված են ամերիկյան դերակատարության թուլացմամբ: Վաշինգտոնը, ըստ Թիլերսոնի, պետք է հստակ գիտակցի, որ Մոսկվան նպատակադրված է ապակայունացնելու իրավիճակը հարևան երկրներում և Մերձավոր Արևելքում․ - «Ռուսաստանը այսօր իրենից վտանգ է ներկայացնում, սակայն անկանխատեսելի չէ սեփական շահերի հետապնդման հարցում: Նա ներխուժել է Ուկրաինա, այդ թվում՝ բռնազավթել է Ղրիմը, աջակցել է սիրիական ուժերին, որոնք կոպտորեն խախտում են պատերազմի օրենքները»:

Ռեքս Թիլերսոնը, այդուհանդերձ, կոչ է անելու «անկեղծ և բաց» երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: Նրա կարծիքով, Միացյալ Նահանգներին դա անհրաժեշտ է սեփական զարգացման կուրսը կառուցելու տեսանկյունից:

Պետքարտուղարի թեկնածուն սենատորների առջև խոսել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու անհրաժեշտության մասին, քննադատել է Չինաստանին և կոչ է անելու Պեկինին ազդել Հյուսիսային Կորեայի վրա:

64-ամյա միլիարդատեր Թիլերսոնին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարումը վստահելու առաջարկը, ինչպես և սպասվում էր, Սենատում թեժ քննարկումների տեղիք է տվել՝ մասնավորապես Թրամփ - Ռուսաստան կապերի համատեքստում:

Թիլերսոնի ղեկավարած ExxonMobil-ը Ռուսաստանում շատ ակտիվ բիզնես է վարել նախքան այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումը, իսկ դրանից հետո էական նյութական կորուստներ է կրել: Թիլերսոնը մի քանի անգամ քննադատել է պատժամիջոցների քաղաքականությունը:

Ուկրաինական իրադարձություններից առաջ՝ 2013 թվականին, անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Թիլերսոնին, ինչպես Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում է ասված՝ «վառելիքի արդյունահանման և էներգետիկայի բնագավառում երկու երկրների համագործակցության հարցում նշանակալի ավանդ ներդնելու համար»:

Ամերիկյան արտաքին քաղաքականությունն առաջնորդելու Թրամփի առաջարկը ստանալուց հետո Ռեքս Թիլերսոնը ստիպված է եղել լքել ExxonMobil-ը: Նա նաև վաճառքի է հանել իր ակտիվները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG