Մատչելիության հղումներ

Աշոտյան. Եթե Կարեն Կարապետյանը չընդգրկվի ցուցակում, միևնույն է նա կմնա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն


Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը չընդգրկվի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակում, ապա միևնույն է, նա կշարունակի մնալ իշխող ուժի վարչապետի թեկնածուն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ փետրվարի 6-ից սկսած քաղաքական ուժերն ու դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն պատգամավորության թեկնածուների ցուցակներն ու անհրաժեշտ փաստաթղթերը:

Խնդիրն այն է, որ 2015-ին փոփոխված Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կառավարության կայքում տեղադրված կենսագրության մեջ նշվում է, որ նա 2011-ից 2016-ը «Գազպրոմ»-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, հետևաբար կարելի է ենթադրել, որ վերջին չորս տարիներին նա Հայաստանում չի բնակվել:

«Ազատության» հետ զրույցում իշխող Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը, իհարկե նրա համամասնական ցուցակում ընդգրկվելը լուրջ առավելություն կտա Հանրապետականին, սակայն, իշխող ուժը, Աշոտյանի խոսքով, ցանկանում է անցկացնել բարձր որակի ընտրություններ և խախտումների չի գնալու:

Աշոտյան. - Պետք է փաստել, որ մենք չենք գնալու և ոչ մի խախտումների՝ անկախ մեր քաղաքական հնարավոր դիվիդենտներից։ Խնդիրն իրավական հարթության մեջ կլուծեն մասնագետները, համապատասխան ծառայությունները, որոնք պետք է տան կամ չտան նմանատիպ տեղեկանք, և այս որոշումը՝ ընդգրկվելու-չընդգրկվելու, պետք է բացառապես իրավական հենքով լինի և ոչ թե քաղաքական որոշում լինի։ Բայց քաղաքական որոշումը պարզ է, որ մենք ուզում ենք անցկացնել բարձր որակի ընտրություններ, հետևաբար չենք գնալու խախտումների, ուստի վարչապետի տեղեկանքի հարցը իրավական է և ոչ թե քաղաքական։ Անկախ նրանից՝ վարչապետը կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՝ ոչ, բոլոր դեպքերում ինքն իր մասնակցության ձևը, բովանդակությունը, ինտենսիվությունը կորոշի, և վստահ եմ, որ անկախ նրանից՝ կլինի ցուցակում, թե՝ չէ, օգուտ կտա Հանրապետական կուսակցության աշխատանքներին նաև նախընտրական էտապում։ Ձևը և բովանդակությունը կքննարկվի մեր շտաբում՝ վարչապետի հետ միասին, և դա հավելյալ որոշելու խնդիր է։

«Ազատություն». - Այսինքն, պարոն Աշոտյան, եթե նույնիսկ նա չընդգրկվի ձեր համամասնական ցուցակում, դա չի՞ խանգարի, որպեսզի նա լինի վարչապետի թեկնածու, դա հնարավո՞ր է։

Աշտյան. - Իհարկե հնարավոր է, հենց կարծում եմ, որ իրավական որևէ կորիզ այստեղ չկա, որովհետև վարչապետի թեկնածուի հարցը բացարձակ կապ չունի համամասնական ցուցակում լինել-չլինելու հետ՝ և՛ քաղաքական տեսակետից, և՛ իրավական տեսակետից, իսկ քաղաքական տեսակետից կարևորագույն հայտարարությունը նախագահի դուք մեջբերեցիք, որ արվեց ՀՀԿ համագումարին, այն է, որ «եթե մենք հաղթենք ընտրություններին և ձևավորենք կառավարություն, ապա մեր վարչապետը Կարեն Կարապետյանն է։ Ի դեպ, մյուս քաղաքական ուժերը, Ձեր ուշադրությունը հրավիրեմ, այսօր չեն բացահայտել, թե ովքեր են իրենց վարչապետի թեկնածուները։

«Ազատություն». - Պարոն Աշոտյան, այսինքն, Հանրապետականը չի գնա վիճելի հիմնավորումներով, կամ ամեն գնով Կարեն Կարապետյանին ցուցակում ընդգրկելու քայլին։

Աշոտյան. - Ես բացառում եմ դա, որովհետև ասացի արդեն, որ մեզ համար կարևոր է ընտրությունների որակը։ Վարչապետի վարկանիշը բավական բարձր է, որպեսզի մենք նաև կարողանանք տեղեկագրի բացակայության դեպքում ընտրել իր համար լավագույն ձևն ու բովանդակությունը՝ օգուտ տալու այն քաղաքական թիմին, որի անդամ է նա դարձել և որն իրեն առաջադրելու է ընտրությունների հաջող ընթացքի և արդյունքի պարագայում նոր վարչապետ։

Ի դեպ նկատենք, որ նոր Սահմանադրությամբ պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ՝ վերջին չորս տարիներին Հայաստանում մշտական բնակության պահանջը տարածվում է նաև կառավարության անդամների, այդ թվում՝ վարչապետի վրա: Այդ մասին նշվում է Սահմանադրության 148-րդ հոդվածում: Սակայն, ուշագրավն այն է, որ անցումային դրույթներով այս հոդվածն ուժի մեջ կմտնի միայն 2018 թվականի ապրիլից հետո, այսինքն, երբ նորընտիր նախագահը կստանձնի իր պաշտոնը։ Մինչև 2018-ը կգործի 2005 թվականին ընդունված Սահմանադրության դրույթը, ըստ որի, վարչապետը պարզապես պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն, Կարեն Կարապետյանին ոչինչ չի խանգարում չընդգրկվել իշխող Հանրապետականի ցուցակում, իսկ 2017-ից մինչև 2018-ի ապրիլը՝ լինել վարչապետ:

Հավելենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, նշեց, թե այս պահին տեսական փաստերի հիման վրա չի կարող ասել՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է լինել պատգամավորության թեկնածու, թե՞՝ ոչ։ ԿԸՀ նախագահի խոսքով՝ այդ մասին կարող են խոսել, երբ ուսումնասիրեն թեկնածուների ներկայացրած փաստաթղթերն ու ցուցակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG