Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն 2026-ից կտրուկ կավելացնի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թիվը


2026 թվականից սկսած ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թիվը կտրուկ կավելանա` ներկայիս 32-ի փոխարեն հասնելով 48-ի: Այս որոշումը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի խորհուրդը կայացրեց երեքշաբթի օրը շվեյցարական Ցյուրիխում հրավիրված նիստի ընթացքում:

Ուշագրավ է, որ աշխարհի թիվ մեկ ֆուտբոլային մրցաշարի մասնակիցների թվաքանակն ավելացնելու որոշումը ՖԻՖԱ-ի ղեկավարները կայացրեցին միաձայն: Այսպիսով, ընդամենը 9 տարի անց ֆուտբոլի աշխարհի առաջնության կառուցվածքը կենթարկվի արմատական փոփոխությունների՝ չորսական թիմերից կազմված ներկայիս 8 խմբերի փոխարեն առաջնության սկզբնական փուլում 16 խումբ կձևավորվի: Դրանցում ընդգրկված կլինի երեքական հավաքական, որոնցից առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակեն 1/16 եզրափակչում:

Առաջնության տևողությունը թիմերի ավելացման հետևանքով չի երկարաձգվի: Ինչպես և նախկինում, աշխարհի առաջնությունը կշարունակվի մոտ մեկ ամիս: Փոխարենը, ՖԻՖԱ-ի ղեկավարությունը հույս ունի, որ առաջնության մասնակիցների թվի ավելացմամբ կազմակերպությունը հնարավորություն կստանա հավելյալ ֆինանսական միջոցներ վաստակել:

The New York Times-ի տեղեկություններով` տոմսերի և հեռարձակումների իրավունքի վաճառքի հաշվին միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան ակնկալում է հավելյալ մեկ միլիարդ դոլար վաստակել: Ինչ վերաբերում է ընդլայնված առաջնության մասնակցությանն ըստ տարածաշրջանների, ապա այս նորամուծությունից գլխավորապես շահելու են Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի պետությունները:

Ֆուտբոլային առումով ուժեղագույն երկու տարածաշրջանները` Եվրոպան և Հարավային Ամերիկան, առաջնությունում 22 հավաքական կներկայացնեն, իսկ Ասիան և Աֆրիկան միասին՝ 16: Երաշխավորված մեկ տեղ կունենա նաև ֆուտբոլային հարուստ ավանդույթներից զուրկ Օվկիանիան:

Նորամուծության քննադատները նշում են, որ ընդլայնված առաջնությանը մասնակցելու իրավունք են ստանալու ՖԻՖԱ-ի անդամ 200 պետությունների գրեթե մեկ քառորդը, ինչը անխուսափելիորեն նվազեցնելու է առաջնության դիտարժանությունը:

Առաջիկա երկու` 2018-ին Ռուսաստանում և 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունները, սակայն, կանցկացվեն հին մրցակարգով` 32 թիմերի մասնակցությամբ:

Ինչ վերաբերում է 2026 թվականի մրցաշարին, ապա դրա անցկացման վայրը միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան դեռ չի որոշել: Հավակնորդների նախնական շրջանակը, սակայն, արդեն իսկ ուրվագծվել է՝ համատեղ հայտեր են ներկայացրել Չինաստանն ու Հնդկաստանը, ինչպես նաև հարավամերիկյան չորս պետություններ` Էկվադորը, Բոլիվիան, Պերուն և Պարագվայը: 2026 թվականի աշխարհի առաջնության կազմակերպման հավակնորդների թվում են նաև Կանադան և Նոր Զելանդիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG