Մատչելիության հղումներ

Արարատյան դաշտում ցածր ջերմաստիճանը կպահպանվի նաև առաջիկա շաբաթվա ընթացքում


Լճացած սառը օդն ու ցածր ջերմաստիճանը Արարատյան դաշտում կպահպանվեն նաև այս շաբաթվա ընթացքում։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ էական տատանումներ չեն սպասվում: Ավելին՝ այս օրերին Երևանում ջերմաստիճանը նույնն է, ինչ Արագած լեռան գագաթին՝ -10։ Միակ հոսադրող լուրը, որ հայտնում են մասնագետները, ցերեկային ժամերին մառախուղի որոշակի թուլացումն է, սակայն գիշերն ու առավոտյան այն կրկին խտանալու է:

«Ներկա պահին Հայաստանը գտնվում է շատ տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, պարզապես քանի որ Արարատյան գոգավորությունը լցված է այս լճացած սառը օդով, դրանք շրջանցում են վերևից այդ լճացած սառը օդային զանգվածը և մղվում են դեպի հանրապետության լեռնային շրջաններ», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Այդ տաք օդային հոսանքների շնորհիվ մարզերում այժմ դրական ջերմաստիճան է։ Սյունիքում ու Տավուշում էլ ջերմաչափի սանդղակը հատում է +14-ի սահմանագիծը։

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի բնորոշմամբ՝ ցուրտ ձմռանն այս պահին հաջորդում է կտրուկ տաքը՝ լեռնային բնակավայրերում գրանցելով նորմայից 3-5 աստիճանով բարձր ջերմաստիճան․ - «Այն գոտիներում, որտեղ շատ տաք է, հունվարի 11-ին ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, բայց մայրաքաղաքում, Արարատյան դաշտում և նախալեռնային գոտիներում ջերմային ֆոնի էական տատանումներ չի կանխատեսվում»:

Սուրենյանն կատակում է՝ մե՛կ բևեռներում է արևը ամիսներով կորչում ու դուրս չի գալիս, մե՛կ էլ՝ Արարատյան դաշտում: Դեկտեմբերի 26-ից լճացած ցրտից այս գոտիների բնակիչներին կարող է ազատել միայն հզոր ցիկլոնը․ - «Քանի որ առաջիկա 5 օրերին մենք դեռևս նման հզոր ցիկլոն չենք սպասում, հետևաբար նաև կպահպանվի այս երևույթը»:

Նա ասաց, որ սխալ է սա «եղանակային անոմալիա» անվանելը։ 2008-ին ու 13-ին է՛լ ավելի ցուրտ ձմեռներ ենք ունեցել։ Օդերևութաբանը նկատում է, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումներ են գրանցվում նաև տարածաշրջանի մյուս երկրներում։ Եթե Վրաստանում ու Ադրբեջանում տաք ձմեռ է, ապա Թուրքիայում մելոգնում է ուժեղ ցիլկոնը․ - «Ստամբուլում ձյան ծածկը հասնում է մեկ մետրի, քամիների արագությունը՝ մինչև 50 մ/վայրկյանի: Թուրքիայում կան հատվածներ, որտեղ 2.5 մետր է ձնածածկույթը»:

Սուրենյանի խոսքով՝ այդ նույն ցիկլոնը վաղը կհասնի Հայաստան, բայց՝ արդեն քայքայված ու ուժը կորցրած, իսկ եթե այն մեր երկիր տարածք մտներ նույն ուժգնությամբ, ապա կցրեր Արարատյան դաշտի վրա լճացած սառը օդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG