Մատչելիության հղումներ

Վարչապետը Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ քննարկել է եռակողմ համագործակցության հեռանկարները


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն:

«Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017 թվականի աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին», - նշել է կառավարության ղեկավարը:

Իրանի ու Թուրքմենստանի դեսպանները նշել են, որ իրենց երկրների կառավարությունները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և պատրաստ են քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը:

Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր:

Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը կարևորել է միջկառավարական հանձնաժողովների ակտիվ աշխատանքը, որոնք արդյունավետ հարթակ են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Կարեն Կարապետյանը ցավակցել է Իրանի դեսպանին` Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG