ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը հարցաքննում է 26-ամյա էստեբան Սանտյագոյին, ով կասկածվում է Ֆորտ Լոդերդեյլ օդանավակայանում երեկ հրաձգություն սանձազերծելու և դրա հետևանքով հինգ մարդու սպանելու մեջ:
Վերջինս իրաքյան պատերազմի վետերան է, ծառայել է Ազգային գվարդիայում, սակայն, ամիսներ առաջ վտարվել է՝ անբավարար վարքագծի պատճառով: Սանտյագոյի եղբայրը հաղորդել է, որ երիտասարդը վերջին ամիսներին նաև հոգեբանական բուժում է ստացել:
Ավելի վաղ, ըստ լրատվամիջոցների, կասկածյալը հայտարարել էր, թե ամերիկյան իշխանությունները վերահսկում են իր բանականությունը և ստիպում ջիհադիստների տեսանյութերը դիտել: ԱՄՆ իշխանություններն ահաբեկչության վարկածը դեռևս չեն բացառում: