Մատչելիության հղումներ

Անկարան սպառնում է դադարեցնել Ինջիրլիքի ավիաբազայի տրամադրումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին


Պաշտոնական Անկարան հրապարակավ դժգոհում է Միացյալ Նահանգներից՝ սպառնալով դադարեցնել Ինջիրլիքի ավիաբազայի տրամադրումը ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերին:

«Նրանք այդպես էլ չարձագանքեցին օգնության մեր խնդրանքներին», - պատճառաբանել է երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը. - «Մտորելու տեղիք է տալիս այն, որ մեր դաշնակիցները, ՆԱՏՕ-ի մեր վաղեմի գործընկերները, որ հիմա կոալիցիա են ստեղծել «Իսլամական պետության» դեմ, չաջակցեցին թուրքական բանակին՝ սիրիական ալ-Բաբը ԻՊ-ից ազատագրելու հարցում: Այդ քաղաքը առանցքային նշանակություն ունի ահաբեկիչների դեմ պայքարում, սակայն մենք այդպես էլ մեր դաշնակիցներից չստացանք անհրաժեշտ օդային օժանդակությունը»:

Պաշտպանության նախարարից ժամեր անց Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնակը տեղեկացրեց՝ կառավարությունը պատրաստվում է պաշտոնապես քննարկել ռազմավարական նշանակություն ունեցող ավիաբազան ամերիկացիներին տրամադրելու նպատակահարմարությունը:

«Մեր ժողովուրդն արդեն հարցականի տակ է դնում կոալիցիոն ուժերի ներկայությունը Ինջիլիքում, այդ իսկ պատճառով հարցը մտել է կառավարության օրակարգ: Մենք անկեղծորեն ասում ենք, եթե կա բոլորի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն՝ եկեք պայքարենք դրա դեմ միասին: Եթե չեք միանում մեր պայքարին, գոնե խոչընդոտներ մի ստեղծեք», - ասել է Քայնակը:

Սրանով, սակայն, Անկարան չսահմանափակվեց. Նահանգների հասցեին քննադատությանը միացավ նաև նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալին` ընդգծելով. - «Մեկուկես ամիս է՝ Թուրքիան չի ստանում անհրաժեշտ օժանդակություն և այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել»:

«Թուրքիան իրավունք ունի փակել Ինջիլիքի ավիաբազան, մենք բազմիցս ենք մեր մտահոգությունները փոխանցել ամերիկացի պաշտոնյաներին, և հույս ունենք՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփպի վարչակազմը հաշվի կառնի դրանք: Միացյալ Նահանգները շատ կարևոր դաշնակից է Թուրքիայի համար, մենք համագործակցում ենք բոլոր ոլորտներում, սակայն իրականությունն այն է, որ այսօր մեր միջև վստահության ճգնաժամ կա», - իր հերթին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Փորձագետները փաստում են՝ երկկողմ ռազմավարական համագործակցությունը սկսեց երերալ, երբ Վաշինգտոնը հրաժարվեց Անկարային արտահանձնել Միացյալ Նահանգներում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Էրդողանի վարչակազմը մեղադրում է հուլիսյան հեղաշրձման փորձը կազմակերպելու մեջ: Լուրջ տարաձայնություններ կան նաև Սիրիայի հյուսիսիում ինքնավարություն հաստատած քրդերի հարցում: Անկարան շարունակում է նրանց դասել ահաբեկիչների շարքը՝ նախաձեռնելով նաև ռազմական հարձակումներ, մինչդեռ Օբամայի վարչակազմը անցած ամիսներին զինում էր քրդական խմբավորումներին՝ համարելով նրանց արդյունավետ դաշնակից «Իսլամական պետության» դեմ պայքարում:

«Մենք զգուշացրել ենք ամերիկացիներին և շարունակում ենք պնդել՝ այդ ռազմավարությունը սխալ է, և պետք է փոխվի», - երեկ կրկին հայտարարել է Թուրքիայի նախագահ խոսնակ Իբրահիմ Քալինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG