Մատչելիության հղումներ

The Observer. «Ադրբեջանը ԵԽԽՎ ազդեցիկ պաշտոնյաներից մեկին կաշառք է փոխանցել բրիտանական ընկերությունների միջոցով»


«Բրիտանական առնվազն չորս ընկերություններ առնչություններ ունեն Ադրբեջանի կողմից եվրոպական կառույցների ներկայացուցիչներին տրված կաշառքների հետ»,- պնդում են Լոնդոնում լույս տեսնող The Observer շաբաթաթերթի լրագրողները:

Հեղինակավոր Guardian պարբերականի հետ նույն մեդիա հոլդինգում գործող այս թերթը հետաքննել է 2013 թվականի իրադարձությունները, երբ պաշտոնական Բաքվին, լոբբիստական համառ ջանքերի շնորհիվ, հաջողվեց տապալել Եվրոպայի խորհրդում շրջանառվող այն բանաձևերից մեկի ընդունումը, որը նվիրված էր Ադրբեջանում քաղբանտարկյալների շուրջ ստեղծված կացությանը:

The Observer-ի պնդմամբ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Քրիստորֆեր Շտրասերի մշակած բանաձևի տապալման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խոշորագույն խմբակցությունը` Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը և դրա այն ժամանավա ղեկավարը` իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն:

Հիշեցնենք՝ Եվրոպայի աջ պահպանողական քաղաքական ուժերին միավորող այս կառույցին անդամակցում են հայաստանյան երեք կուսակցություններ` Հանրապետականը, «Օրինաց երկիրն» ու «Ժառանգութունը»:

The Observer-ի տեղեկություններով, Միլանի դատախազությունն արդեն իսկ հետաքննում է Լուկա Վոլոնտեի կողմից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու փաստը: Ինքը՝ իտալացի քաղաքական գործիչը նոյեմբերին RAI 3 հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Խավիարային դիվանագիտություն» վերնագրված մեկ ժամանոց ֆիլմում պնդել է, թե այդ գումարը ստացել է ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովից` «գյուղատնտեսության ոլորտում ցուցաբերած խորհրդատվական ծառայությունների դիմաց»:

The Observer-ի լրագրողները պնդում են, որ Սուլեյմանովը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Լոնդոնյան պարբերականը, սակայն, պնդում է, որ ադրբեջանական կողմը ԵԺԿ ազդեցիկ գործչին կաշառքը փոխանցել է բրիտանական չորս ընկերությունների միջոցով: Դրանք են՝ Լոնդոնի մերձակայքում գտնվող Փոթերս Բար քաղաքում գրանցված LCM Alliance-ը, շոտլանդական Գլազգոյում գործող Hilux Services և Polux Management ընկերությունները, ինչպես նաև բիրմինգհեմյան Metastar-ը:

The Observer-ի տեղեկություններով, բոլոր չորս ընկերություններն իրենց հիմնական գործողություններն իրականացնում էին օֆշորային գոտիների միջոցով, իսկ Վոլոնտեի անվան շուրջ ծագած սկանդալից հետո ընդհանրապես լուծարվել են: Թերթի պնդմամբ, ի դեպ, Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին վկայող բանաձևի տապալումից հետո հնարավոր դարձավ նոր շունչ հաղորդել նաև «Տրանս-Ադրիատիկ» խողովակաշարի` TAP-ի շինարարության բանակցություններին:

«TAP-ը Եվրո-կասպիական հսկայական խողովակաշարի մի մասն է, որով BP ընկերության կողմից «Շահ-Դենիզ» հանքավայրում արդյունահանված գազը Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի և Իտալիայի տարածքով հասնելու է Եվրոպա»: Այս մասին RAI 3-ի եթերում ասել է տապալված բանաձևի հեղինակը` Քրիսթոֆեր Շտրասսերը:

«Իմ հեղինակած զեկույցը մերժելով` Ադրբեջանը փրկեց իր դեմքը և Եվրոպայում այլևս որևէ մեկն առարկություն չուներ այդ երկրի հետ փող աշխատելու գաղափարին»,- նաև նշել է գերմանացի պատգամավորը:

The Observer-ը մեջբերում է նաև բրիտանացի բնապահպան Էմմա Հյուզի խոսքերը, ով պնդում է, որ «Տրանս-Ադրիատիկ» գազատարը, որի շնորհիվ Եվրոպան հույս ունի թուլացնել իր կախվածությունը ռուսական գազից, իրականում ծառայելու է տրամագծորեն հակառակ նպատակին: «Իրականում այս խողովակաշարն այնպես է նախագծված, որ հետագայում միացվելու է ռուսական խողովակաշարարերի ցանցին` հնարավոր դարձնելով նաև Ռուսաստանում արդյունահանված գազի մատակարարումը եվրոպական շուկա:

Դա նշանակում է, որ ևս հիսուն տարի Եվրոպան ի վիճակի չի լինելու էկոլոգիապես մաքուր վառելիք օգտագործել, դրան էլ գումարած՝ կախվածության մեջ հայտնվելով նաև Ադրբեջանի իշխանություններից: Այս ամենը պետք է ստիպի Եվրամիությանը՝ դադարեցնել աջակցությունը, որ ցուցաբերվում է այս վտանգավոր խողովակաշարի կառուցմանը»,-թերթի հետ զրույցում նշել է Հյուզը:

The Observer-ի թղթակիցներին հաջողվել է նաև պարզել, որ Ադրբեջանի և եվրոպական կառույցների միջև առկա կոռուպցիոն սխեմաներում ներգրավված բրիտանական ընկերությունները կապեր ունեն նաև Ռուսաստանի հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ:

Թերթը` վկայակոչելով Լատվիայի դատական համակարգի հրապարակած տվյալները, պնդում է, որ Լուկա Վոլոնտեյի շուրջ ծագած սկանդալում ներգրավված ընկերություններից մեկը վերահսկում էր նաև Armut Services կառույցը, որի միջոցով հնարավոր էր եղել շուրջ 230 միլիոն ամերիկյան դոլար հափշտակել Ռուսաստանի պետական բյուջեից:

«Խոսքն այսպես կոչված Կլուևի հանցավոր խմբի մասին է, որի գործողությունների հետևանքով զոհվեց ռուսաստանցի ֆինանսիստ Սերգեյ Մագնիտսկին»,- գրում է բրիտանական թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG