ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Օբաման ողջունել է Թուրքիայի ջանքերը՝ միտված Ռուսաստանի հետ միասնաբար Սիրիայում հրադադար հաստատելուն և բանակցությունների վերսկսմանը նպաստելուն:
Սպիտակ տան հաղորդմամբ, հունվարի 3-ին կայացած հեռախոսազրույցում Օբաման նաև ցավակցություն է հայտնել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում դեկտեմբերի 31-ի ահաբեկչական «սարսափելի» հարձակման և դեկտեմբերի 17-ին Կայսերիում ոստիկանության վրա կատարված հարձակումների կապակցությամբ:
Երկու առաջնորդները նշել են, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում առաջընթացի են հասել և համաձայնել են, որ «Թուրքիան ու ԱՄՆ-ը պետք է շարունակեն միասնական լինել ահաբեկչության դեմ պայքարում»: