Սիրիայում կառավարության և ընդդիմության զինված ուժերի միջև հրադադարը ստորագրելու հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով հրադադարի և ապագա բանակցությունների հետ կապված հարցերը:
Հինգշաբթի երեկոյան կայացած հանդիպմանը Պուտինն ասել է, թե ընդունել է պաշտպանության նախարարության առաջարկը՝ Սիրիայում կրճատելու ռուսական ռազմական ներկայությունը: Միաժամանակ, նա հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը և հետագայում ևս աջակցություն է ցուցաբերելու Սիրիայի օրինական կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարում:
Շոյգուն նշել է, որ հրադադարը ընդունած զինված ջոկատներում ընդհանուր առմամբ 60 հազար զինյալ է ներառված, իսկ այն կազմակերպությունները, ջոկատները, որոնք հրադադարը չեն ընդունում, կդասվեն ահաբեկչական խմբավորումների շարքում, և նրանց դեմ պայքար կտարվի այնպես, ինչպես «Իսլամական պետության» խմբավորումների և «Ալ-Նուսրա»-ի դեմ:
Լավրովն ասել է, որ Աստանայում նախատեսված Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցություններին կմիանա Եգիպտոսը, որին կհրավիրեն այդ բանակցություններին, իսկ հետագա փուլերում գործընթացին կմիանան Սաուդյան Արաբիան, Քաթարը, Հորդանանը և Իրաքը: «Հաշվի առնելով բոլոր այս խորհրդակցությունները՝ մենք հիմա թուրքերի և իրանցիների հետ ձեռնամուխ ենք լինում Աստանայում հանդիպման կազմակերպմանը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
Լավրովը նաև հույս է հայտնել, որ երբ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը անցնի պաշտոնին, Միացյալ Նահանգների վարչակազմը կմիանա Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ջանքերին, այդ ուղղությամբ կաշխատեն կոլեկտիվ և համերաշխ: