Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ի երկու ավագ հաշվապահները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը


ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքը, արխիվ
ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքը, արխիվ

Մեղադրվողներից մեկի փաստաբանի պնդմանը, որ բուհի դրամարկղից խոշոր գումարի հափշտակման հետ ԵՊՀ-ի ղեկավարությունն առնչություն ունի, ռեկտոր Արամ Սիմոնյանը հակադարձում է՝ «Գլուխը պատին են տալիս, ո՞վ է համարձակվում ինձ մեղադրել․․․»:

2008-2012 թվականներին ԵՊՀ-ի վճարովի համակարգում սովորող 600-ից ավելի ուսանողների վարձավճարները հափշտակել են ԲՈՒՀ-ի երկու ավագ հաշվապահները՝ համալսարանին պատճառելով մոտ 99 միլիոն դրամի վնաս։ Տևական նախաքննությունից հետո նախօրեին այս մասին հաղորդագրություն հրապարակեց Քննչական կոմիտեն։

Ըստ այդ հաղորդման, ավագ հաշվապահներ Ռիմա Վարդանյանն ու Կարինե Սարգսյանը, վճարովի համակարգում սովորող ուսանողներից կանխիկ ստանալով տարեկան ուսման վարձերի գումարները, կազմել և նրանց են տվել վճարման կտրոններ, սակայն, հավաքագրած գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել։ Քրգործի վերաբերյալ այսօր «Ազատությանը» որոշ մանրամասներ ներկայացրեց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ «Մուտքագրումներ չեն կատարվել, ՀԴՄ կտրոններ չեն տպվել, և այդ հափշտակությունները քողարկելու համար ուղղակի նրանց [ուսանողների] տվյալները մուտքագրվել են ուսանողների ծրագրային բազայում, որպեսզի նրանք կարողանան մասնակցել քննություններին»:

Ըստ Տռուզյանի՝ նախաքննական փուլում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Քննչական կոմիտեն ավագ հաշվապահներին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերի յուրացման համար: Նրանց սպառնում է 5-8 տարի ազատազրկում: Գործն ուղարկվել է դատարան։

«Ազատության» հետ զրույցում ԵՊՀ-ի ռեկտորը նշեց, որ հափշտակության դեպքը բացահայտել են հենց իրենք՝ ինքը և գլխավոր հաշվապահը և այդ մասին տեղյակ են պահել դատախազությանը։ Արամ Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս չի նկատել, որ տարիներ շարունակ իր ղեկավարած հիմնարկից միլիոններ են անհետացել։ «Շատ խորամանկ մեխանիզմ է եղել, ծրագրում ցույց է տրվել, որ ամեն ինչ նորմալ է: Հակեր են, իրենք ուղղակի ծրագրի մեջ մտել են և կարողացել են դա փոխել այնպես, որ արտաքնապես չերևա»,- պատասխանեց Սիմոնյանը: Նրա, խոսքով, այդ դեպքից հետո համալսարանը մեծ գումարներ է ծախսել ու նոր ծրագիր ներդրել, որն ավելի հուսալի է։

Ավագ հաշվապահ Կարինե Սարգսյանի փաստաբանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում այլ բան է պատմում։ Ըստ Ալվարդ Դաբաղյանի՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադարանքը՝ պնդելով, որ եթե անգամ համալսարանի բյուջեից գումարներ են պակասել, ապա դրանց գտնվելու վայրը «լավ գիտեն» ԵՊՀ-ի ղեկավարությունն ու գլխավոր հաշվապահը։

«2-3 օրում չէր կարող ԵՊՀ ռեկտորը, գլխավոր հաշվապահը և էնտեղ կա նաև ինչ-որ ծրագրավորման բաժին թե վարչություն, բացահայտեին իբրև թե յուրացումներ, որոնք այդպես էլ չկարողացան բացահայտել կրթության և գիտության նախարարության կողմից հրավիրված մասնագիտական ստուգում անցկացնող խումը, այնուհետև՝ երկու բավական հայտնի փորձագիտական կենտրոններ»,- ասաց Փաստաբանը:

Նրա խոսքով, փորձաքննությունների Ազգային բյուրոյի կատարած հետազոտության մեջ պակասորդ չի արձանագրվել: Ավելին՝ ըստ այդ հետազոտության, նախորդ սուգումներն իրականացվել են օրենքի կոպիտ խախտումներով։ Հաշվապահի պաշտպանը պնդում է՝ պատրաստ են ապացուցել, որ 26 հատորից բաղկացած գործի յուրաքանչյուր էջում միտում կա՝ մեղադրել անմեղ կանանց։

«Ի սկզբանե կազմակերպության ղեկավարությունը ցանկություն է դրսևորել կանխիկ գումարների շարժն ավելի ազատ դարձնել»,- ասում է փսատաբանը: Նրա պնդմամբ, գործում բազմաթիվ փաստեր կան, որոնք ցույց են տալիս՝ համալսարանի ղեկավարությունն այս ամենի հետ առնչություն ունի՝ «Գուցե չի՞ հասել ղեկավարին, ասենք՝ կոնկրետ ռեկտորին, բայց այն, որ գլխավոր հաշվապահը տեղեկացված է եղել այս ամենին, դա միանշանակ է: Վերջինիս ցուցմունքներն էլ խոսում են այդ մասին: Ավելին, շատ հետաքրքիր ձևով ծրագրավորել է այս ամենը»,- շարունակում է Ալվարդ Դաբաղյանը:

Այս մեղադրանքներին հակադարձում է ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ «Գլուխը պատին է տալիս, ով որ ինձ մեղադրում ա: էդ ո՞վ ա համարձակվում ինձ մեղադրել: Ես և գլխավոր հաշվապահն ենք բացել այդ հանցագործությունը»: Գործում, սակայն, միտում է տեսնում նաև մյուս մեղադրյալ Ռիմա Վարդանյանի փաստաբան Ժորա Խաչատրյանը։ Ըստ նրա՝ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել և նույնպես չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ «Կամ դա դիտավորություն է, կամ շփոթություն, կամ տվյալների սխալ գնահատում»,- «Ազատությանն» ասաց Ժորա Խաչատրյանը:

ԵՊՀ-ի ռեկտորի փոխանցմամբ՝ նախնական քննության փուլում մեղադրյալները փոխհատուցել են հափշտակված գումարի մի մասը՝ 20 միլիոն դրամի չափով։ «Մնացածն էլ պիտի փոխհատուցեն, իրենց էլ պիտի դատեն, նստացնեն»,- ասաց Արամ Սիմոնյանը: Հաշվապահ Կարինե Սարգսյանի փաստաբանն էլ ասում է՝ «Ես դա կանվանեի սպառնալիքի և մոլորության ազդեցության տակ կատարված վճարումներ: Երբ անձին հրավիրում են ռեկտորի առանձնասենյակ և ռեկտորը վերջիններս սպառնում է՝ կտանեք կվճարեք էդ գումարները, թե չէ էս ինչը ընկերս ա, էն ինչի հետ հաց եմ ուտում, ձեզ կբռնեն կտանեն․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG