Անցնող 2016-ը Հայաստանում խոսքի ազատության և լրագրողների իրավունքների ոտնահարման տեսանկյունից հետընթացի տարի էր, արձանագրում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որի ղեկավար Աշոտ Մելիքայնի խոսքով տարին կամփոփվի լրագրողների դեմ բռնությունների տասնյակ դեպքերով:
Դրանց առյուծի բաժինը կապված է ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների հետ, որոնց ընթացքում տուժել է 27 լրագրող և օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվել է ֆիզիկական բռնությունների։
«Իշխանությունները, ոստիկանությունը, աննախադեպ ֆիզիկական բռնությունների դիմեցին՝ վայրագությունների հասնող, և առաջին անգամ, փաստորեն, լրագրողների դեմ նպատակաուղղված հատուկ միջոցներ կիրառվեցին», - ասում է լրագրողական կազմակերպության ղեկավարը:
Մելիքյանի խոսքով, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հուլիսին Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողները ոչ թե պատահական տուժողներ էին, այլ ոստիկանության աշխատակիցների ընտրված թիրախներ։ Հուլիսի 29 գիշերը առանց համազգեստի անձանց կողմից բռնություն էր գործադրվել նաև «Ազատության» լրագրողներ Կարլեն Ասլանյանի և Հովհաննես Մովսիսյանի հանդեպ:
«Այդպիսի օպերացիա մշակելիս ոստիկանությունը նաև հաշվի է առնում, որ պետք է խոչընդոտել լրագրողների և օպերատորների գործունեությունը, որպեսզի այդ տարածքից մինիմալ ինֆորմացիա դուրս գա: Եվ այդ վայրագությունների մի մասը, փաստորեն, տեղափոխվում է լրագրողների և օպերատորների դեմ», - նշում է նա:
Խորենացու և Սարի թաղի բռնությունները գերազանցեցին 2015-ի «Էլեկտրիկ Երևանի» դեպքերը, որոնց մի մասի քննությունը մինչ օրս շարունակվում է։ Քրեական գործեր են հարուցվել նաև այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո: Անգամ նախագահ Սարգսյանը իրավապահներին կոչ էր արել չմոռանալ այդ բռնությունների մասին, միայն թե լրագրողական իրավապաշտպան կազմակերպություններն արդեն փորձից գիտեն՝ լրագրողների դեմ բռնության գործերով հազվադեպ են գտնվում իրական մեղավորները և պատժվում։
«Ութ մեղադրյալ կա Խորենացու և Սարի թաղի դեպքերով, բայց իշխանությունները փորձում են դա ներկայացնել որպես լուրջ քայլեր և այլն: Ես հակված եմ համարել, որ այդ ձեռնարկված քայլերը ամենևին էլ համարժեք չեն այն մասսայական վայրագություններին և մարդու իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունեցել», - ասում է Աշոտ Մելիքյանը:
2016-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ բռնությունները չսահմանափակվեցին Սարի թաղի դեպքերով: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում տեղ է գտել նաև պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի բռնությունը «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հանդեպ․ - «Կամ՝ տարվա սկզբի օրինակ կարող եմ բերել, երբ 1in.am-ի օպերատորները փորձում էին նկարահանել ՀԱՊԿ հավաքին ժամանող պատվիրակությունների անդամներին: Խոչընդոտման և նաև ֆիզիկական բռնության ենթարկվեցին պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից»:
Մելիքյանի կարծիքով՝ երբ 2017-ին հրապարակվեն արդեն խոսքի ազատության վերաբերյալ միջազգային զեկույցները, շատ հավանական է, որ Հայաստանը դրանցում հետընթաց գրանցած լինի։
Խոսքի ազատության տեսանկյունից ամփոփելով 2016-ը՝ Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը մեկ այլ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում․ այս տարի ևս որևէ նոր հեռուստատեսային կամ ռադիո հաճախականություն Հայաստանում չստեղծվեց, թեև տեխնիկապես դա վաղուց արդեն հնարավոր է․ - «Բոլորը արդեն այն մարդիկ են, ովքեր եղել են արտասահմանում և FM-ի վրա լսել են քանի ալիք կարող է տեղավորվել՝ 40-50-60-100․․․ նույն FM-ի տիրույթի մասին է խոսքը՝ 88-100 մեգահերցի արանքում: Որ ասում ես՝ ա՛յ մարդ, ինչո՞ւ մրցույթ չեք անում, ասում են՝ թափուր հաճախականություն չունենք: Չեն ուզում, որովհետև սահմանափակ թվով ռադիոհաճախականությունները կամ հեռուստահաճախականությունները ավելի հեշտ է, քան մեծ թվով հաճախականությունները․․․ արի էդքան մարդու սպառնալիք տուր, գրաքննի»: