Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունել է արդեն մեկ տարի կալանավայրում գտնվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանների դիմումը: Նորք-Մարաշում մեկ տարի առաջ վնասազերծված զինված խմբի գործով մեղադրվող Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն «Ազատությանն» ասաց՝ Ստրասբուրգյան դատարանը որոշել է արագացված ընթացակարգով քննել դիմումը:
Պաշտպանները ներկայացված դիմումում պնդել են, որ Հայաստանի կառավարությունը խախտում է Եվրոպական կոնվենցիան՝ պաշտպանության նախկին փոխնախարարին խոշտանգում են բանտում՝ հրաժարվելով տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
«Ինքը արդեն 4 ամիս է՝ չի կարողանում լողանալ, որովհետև պետք է իջնի աստիճաններով, բայց ինքնուրույն չի կարող իջնել։ 8 ամիս է՝ դուրս չի գալիս զբոսանքի՝ առանց մաքուր օդի և արևի լույսի է», - պատմեց փաստաբանը:
Հանցավոր համագործակցությանը մասնակցելու և դրա օգտին գործելու մեջ մեղադրվող Շիրխանյանի շահերի պաշտպանն ահազանգում է՝ 69-ամյա տղամարդն արդեն ունի ոչ թե առողջության պահպանման, այլ կյանքի խնդիր։ Նախկին փոխնախարարի մոտ պաշտոնապես 9 հիվանդություն է հայտնաբերվել՝ ընդ որում, դրանցից մեկը առնչվում է անոթներին և ըստ պաշտպանի՝ անհամատեղելի է բանտային պայմանների հետ։ Ալումյանի խոսքով՝ կալանավորման պահին 3 հիվանդություն ունեցող Շիրխանյանը բանտում նորերն է ձեռք բերել, և արդեն մեկ ամիս է՝ հրաժարվում է դեղորայք ընդունել: Հայկ Ալումյանն ահազանգում է՝ այսպես շարունակվելու դեպքում Շիրխանյանը չի կարողանա մասնակցել դատական նիստերին։
Ի դեպ, ըստ մեղադրանքի՝ իշխանությունը զավթելու նպատակով ստեղծված զինված խմբի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց նաև պաշտպանության նախկին փոխնախարարի բացակայության պատճառով:
Նախկին պաշտպանության փոխնախարարի առողջական վիճակի վերաբերյալ դեռևս մեկ ամիս առաջ հայտարարություն էր տարածել Մարդու իրավունքների պաշտպանը: Արման Թաթոյանը նշել էր, որ խախտվել է Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը, և առաջարկել տեղափոխել նրան մասնագիտացած քաղաքացիական հիվանդանոց: Միևնույն ժամանակ, օմբուդսմենը պահանջել էր պատասխանատվության ենթարկել քրեակատարողական ծառայության աշխատակիցներին, ում մեղքով Վահան Շիրխանյանը հայտնվել է այս վիճակում։
«Մեկ ամիս անց էլ Թաթոյանի պահանջը չի կատարվել», - հայտարարում է Հայկ Ալումյանը, - «Դա կարող է լինել սովորական անփույթ վերաբերմունք, դա կարող է լինել դիտավորություն, դա կարող է լինել ինչ-որ մեկի կամ մի քանիսի տգիտության հետևանք»:
Երկու շաբաթ առաջ Վահան Շիրխանյանին բանտում այցելել էին քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարական խմբի ներկայացուցիչները։ Փաստաբան Արա Ղարագյոզյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ նրան հնարավոր չէ բանտային պայմաններում պահել: Մինչդեռ Արդարադատության նախարարությունը դիտորդներին հղած նամակում նշել է, որ Հանրապետության լավագույն մասնագետներն են Շիրխանյանին հսկում։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ բժշկական կոնսիլիումը եզրահանգել է, որ Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա, նա բանտում գտնվում է բժիշկների անընդհատ հսկողության տակ և երեկվանից վերսկսել է դեղորայքի ընդունումը։