«Ազատություն» - Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից այսօր ձեռնարկված դիվերսիոն հարձակման հետևանքով հայկական կողմը երեք զոհ է տվել: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը: Ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այս քայլը:
Էդուարդ Շարմազանով - Ադրբեջանի այս դիվերսիոն գործողութունը խիստ դատապարտելի է, սա հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջան պետության ահաբեկչական բնույթը: Կատարվածի ողջ պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իրենց ղեկավարի գլխավորությամբ: Որովհետև չնայած ապրիլյան քառօրյա իրադարձություններից հետո պետքարտուղար Քերրիի և ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները, բայց Ադրբեջանը փաստացի այսպես է պատասխանում համանախագահ երկրների կողմից իրեն ուղղված ազդակին:
Եվ այդ առումով, ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է շատ խիստ գնահատական տա: Այդ առումով դրական եմ համարում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը և ասեմ ինչու: Առաջինը՝ հայտարարության առկայությունն ինքնին դրական փաստ է: Երկրորդ՝ Բորդյուժան Ադրբեջանի գործողությունները Չինարիում անվանում է սադրանք: Եվ երրորդը, որ շատ եմ կարևորում, հետևյալն է՝ եթե նախկինում թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ համանախագահ երկրները, թե՛ միջազգային հանրությունը ղարաբաղյան կարգավորման մասին խոսելիս, ղարաբաղյան կողմի մասին խոսելիս նշում էին Լեռնային Ղարաբաղ եզրույթը, ապա հիմա հենց ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում կարող ենք ռուսերենով կարդալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ես չեմ կարծում, որ սա վրիպում է, ես կարծում եմ, որ սա հստակ ազդակ է, և առաջին անգամ ՀԱՊԿ-ի նման կառույցը, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, օգտագործում է ԼՂՀ եզրույթը: Եվ սա խիստ ազդակ է՝ ուղղված Ադրբեջանին: Ես կարծում եմ, որ այս մեկնաբանությունը պետք է օրինակ ծառայի մյուս միջազգային կառույցների համար: Իսկ ինչ վերաբերում է Բորդյուժայի ասածին, կրկնում եմ՝ հայտարարության փաստն ինքնին շատ կարևոր է, քանի որ անհասանելի չդարձան և կոնկրետ պատասխան տվեցին, նշելով, որ գործողությունը տեղի է ունեցել Չինարիում, փաստորեն Հայաստանում: Եվ, բնականաբար, հերքվում է ադրբեջանական այն կեղծ գեբելսյան պրոպագանդան, որ գրում են, թե իբր հայկական կողմն է հարձակվել ու իրենք պաշտպանել են:
Բորդյուժան կոնկրետ նշելով, որ գործողությունը տեղի է ունեցել Չինարիում, հաստատում է, որ Ադրբեջանն իրականացրել է դիվերսիա, սա սադրանք է և մեծ հարված է բանակցային գործընթացին: Սա կարելի է համարել եզակի հասցեական հայտարարություններից մեկը: Իհարկե չեմ ասում, որ սրանից պետք է ոգևորվենք, ուրախանանք: ՀԱՊԿ-ի քարտուղարն արել է այն, ինչ որ պարտավոր է անել: Բայց չխոսել այն մասին, որ սա դրական է, դա ճիշտ չի լինի:
«Ազատություն» - Իր հայտարարության մեջ նա, այնուամենայնիվ, Ադրբեջանի անունը չի նշում, այսինքն՝ հասցեական քննադատություն չի հնչեցնում:
Էդուարդ Շարմազանով - Ներողություն, Չինարի գյուղը Վրաստանին կամ Իրանին սահմանակից տարածքում չէ: Չինարի գյուղը սահմանակից է Ադրբեջանին, և, բնականաբար, երբ [Բորդյուժան] խոսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նաև ապրիլյան իրադարձությունների մասին, շատ հստակ նշում է, որ դա Ադրբեջանն է: Ինչպես Լա Մանշն է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի սահմանագծին, այնպես էլ Հայաստանի Չինարի գյուղն է սահմանակցում բացառապես Ադրբեջանին: