Չնայած պետական ծախսերի ընդհանուր կրճատմանը` Ադրբեջանի ռազմական բյուջեն 2017 թվականին որոշակի աճ կարձանագրի` հասնելով 1 միլիարդ 600 միլիոն դոլարի: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական խորհրդարանի` Միլի մեջլիսի կողմից հաստատված 2017 թվականի պետական բյուջեն երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է երեքշաբթի օրը:
Այսպիսով, Ադրբեջանի ուժային կառույցների համար նախատեսված հատկացումները կկազմեն եկող տարվա պետբյուջեի ծախսային մասի 16 տոկոսը:
2016-ին Ադրբեջանի ռազմական ոլորտի ծախսերը շուրջ 1 միլիարդ 430 միլիոն ամերիկյան դոլար կազմեցին` ըստ մանաթի այն փոխարժեքի, որն առկա էր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի հաստատման օրը:
Այս տարի, սակայն, 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման նախնական փուլում Ադրբեջանում համառ լուրեր էին շրջանառվում, որ երկրի ռազմական բյուջեն իր ծախսերի մակարդակով ամենահամեստն է լինելու վերջին մի քանի տարիների ընթացքում` չգերազանցելով 1 միլիարդ դոլարի շեմը: Բաքվում խոսում էին անգամ կոնկրետ թվերի, մասնավորաբար՝ պաշտպանական ծախսերը շուրջ 440 միլիոն դոլարով կրճատելու մտադրության մասին: Տարեվերջին, այնուհանդերձ, ադրբեջանական իշխանություններին ըստ ամենայնի հաջողվեց բյուջեի այլ հոդվածների հաշվին ռազմական ծախսերի որոշակի աճ ապահովել:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները ռազմական բյուջեի թռիչքաձև աճի քաղաքականություն էին որդեգրել: Այսպես, ըստ Ստոկհոլմում գործող Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի` SIPRI-ի տվյալների, 2007-ին Ադրբեջանի պետբյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերը շուրջ 800 միլիոն դոլար էին կազմում: 2008 թվականին արդեն դրանք կրկնապատկվեցին` ընդամենը 3 տարում հասնելով 3 միլիարդի ցուցանիշին: 2011 թվականին, օրինակ, Ադրբեջանի ռազմական ծախսերը 3 միլիարդ 100 միլիոն ամերիկյան դոլար էին կազմում:
Ադրբեջանի ռազմական բյուջեի աճի տեմպերն ամբողջությամբ ըմբռնելու համար մեկ ցուցանիշ ևս. 2004 թվականին` Իլհամ Ալիևի նախագահության առաջին տարում, երկրի պաշտպանական ծախսերը ընդամենը 175 միլիոն դոլար էին կազմում` այսօրվա համեմատաբար համեստ ռազմական բյուջեի շուրջ 10 տոկոսը:
2014 թվականից ի վեր, սակայն, միջազգային շուկայում նավթի գների և ազգային տարադրամի փոխարժեքի սրընթաց անկմանը զուգահեռ, Ադրբեջանը կսկսեց կրճատել նաև ռազմական ծախսերի մի մասը: Չնայած դրան՝ 2017-ին պաշտոնական Բաքուն որոշել է փոքր-ինչ մեծացնել երկրի ուժային կառույցների համար նախատեսված հատկացումների ծավալը:
Ադրբեջանի հաջորդ տարվա պետբյուջեում ամրագրված ցուցանիշների մեծ մասը, սակայն, կրճատման հստակ միտումներ է արձանագրում: Բյուջեի ծախսային մասն ընդհանուր առմամբ կրճատվել է շուրջ 10 տոկոսով: Բյուջեի եկամտային հատվածի ուղիղ կեսը` 4․5 միլիարդ դոլարը ապահովվելու է նավթի արտահանման հաշվին, ինչը մոտ 15 տոկոսով ցածր է 2016 թվականի ցուցանիշից:
2017-ի բյուջեով Ադրբեջանի իշխանությունները համախառն ներքին արդյունքի ընդամենը 1 տոկոսի աճ են կանխատեսում: