Մատչելիության հղումներ

ԵՏԽ այսօրվա նիստում Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել Լարսում ստեղծված կացության շուրջ


Սանկտ Պետերբուրգ, 26-ը դեկտեմբերի, 2016 թ․
Սանկտ Պետերբուրգ, 26-ը դեկտեմբերի, 2016 թ․

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի նախագահն անդրադարձել է երկու տարվա ընթացքում ԵՏՄ-ի ունեցած ձեռքբերումներին ու բացթողումներին:

Սարգսյանն ընդգծել է՝ ձեռքբերումները բացահայտելու հետ մեկտեղ հարկավոր է նաև ուշադրությունը կենտրոնացնել խնդրահարույց հարցերի վրա, որոնք խոչընդոտում են միասնական տնտեսական տարածքի լիարժեք գործունեությանը:

«Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի այդ արդիական խնդիրները քննարկվեին մեր բոլոր գործընկերների մասնակցությամբ»,- ասել է Սարգսյանը: Նշենք, որ այդ նիստից բացակայել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Խոսելով ձեռքբերումների մասին՝ Սարգսյանը նշել է, թե դրական կարելի է համարել այն, որ փոխադարձ առևտրի տեմպերի կրճատումը նվազում է: Դրական դինամիկա է առկա նաև արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրություններում:

«Ցանկանում եմ նաև որպես մեր կազմակերպության էական ձեռքբերում նշել այն փաստը, որ արդյունավետ ներդրվել և աշխատում է բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիայի մեխանիզմը: Կարծում եմ, որ կարտահայտեմ միասնական կարծիքն այն մասին, որ այդպիսի քայլի նպատակահարմարության և արդյունավետության հետ կապված մեր բոլոր մտավախությունները մնացին ետևում»,- Սարգսյանի այս խոսքն է մեջբերում նախագահի պաշտոնական կայքէջը:

Ընդգծելով ձեռքբերումները, Սերժ Սարգսյանը, միևնույն ժամանակ, նշում է՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերներին արձագանքման տեսանկյունից Միության ներուժն իրացվում է դեռևս ոչ բավարար ծավալով: «Որպես հետևանք, Միության ստեղծման և գործունեության հետ կապված բիզնեսի և քաղաքացիների սպասումները, ինչպես նաև վերջինիս դերակատարությունը տնտեսության արդիականացման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում մնում են չիրականացված:

Իրավական հիմքը մասամբ ձևավորված է, բայց պահպանվում են ինտեգրացիոն ներուժի օգտագործման սահմանափակումներ, ինչը, մեր կարծիքով, թույլ չի տալիս օպերատիվ արձագանքել համաշխարհային տնտեսության վատթարացող իրավիճակին: Մի խոսքով, չնայած լուրջ առաջխաղացումներին, դեռևս բաց են մնում շատ հարցեր»,- ասել է Սարգսյանը:

Նա անդրադարձել է նաև վրաց-ռուսական Լարսի անցակետի խնդրին, նշելով՝ «Հայաստանի առջև սուր կերպով կանգնած է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը: ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում մեր առևտրատնտեսական կապը իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի անցակետով: Բայց, ցավոք, մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ եղանակային պայմաններ, բյուրոկրատական գործընթացներ, տվյալ անցակետի աշխատանքը պարբերաբար խախտվում է, ինչը լուրջ վնաս է հասցնում մեր տնտեսվարող սուբյեկտներին:

Այս առումով, կարևոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ անդամ պետություններին պատկանող տրանսպորտային միջոցների համար առանձին անցուղու ստեղծմանը, որը նշանակալիորեն կթեթևացնի բեռնափոխադրումների իրականացումը: Դա մեր երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներին կտա մեր Միության գործառնության օգտակարության իրական զգացում»:

Ներկայացնելով ԵՏՄ-ի զարգացման իր տեսլականը, Սարգսյանը դրական է գնահատել այսօր Պետերբուրգում միության նոր մաքսային օրենսգրքի ստորագրումը: «Մաքսային օրենսգրքի ընդունումը ծանրակշիռ քայլ է մեր հետագա ինտեգրման ճանապարհին, քանի որ այն ուրվագծում է անցումը դեպի մեկ միասնական մաքսային կարգավորում տնտեսական միության ողջ տարածքում: Կարևոր է, որ նոր օրենսգրքով սահմանված են առաջադեմ, միջազգային չափանիշներին համապատասխանող մոտեցումներ:

Նշված մոտեցումների կիրառումը կդյուրացնի ապրանքների ԵԱՏՄ սահմաններով հատման գործընթացը, կդարձնի այն թափանցիկ, այդ թվում նաև էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով, ինչն էլ հանդիսանում է մեր խնդիրը: Դրա հետ կապված, ցանկանում եմ նշել հետևյալ պահը: Այս կամ այն կառավարման համակարգին անցում կատարելիս հարկավոր է բիզնեսին ազատել ավելորդ թղթաբանությունից, ձգտել առավելագույնս համատեղել անհրաժեշտության և բավարարության սկզբունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG