«Ամանորին պետք է ուշադիր լինել ապրանքների գների արհեստական բարձրացման հնարավոր դեպքերի նկատմամբ և հակամրցակցային գործողությունների կանխարգելման աշխատանք տանել»:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին վարչապետի կողմից տրված այս հանձնարարականը, ըստ երևանցիների, «տեղ չի հասել»: Ամանորյա գնումների ծանրության տակ կքած մարդիկ «Ազատության» հետ զրույցում նեղսրտում էին՝ ոչ մի էժանացում էլ չկա:
«Շատ թանկ ա, գները չեն իջել», «Հիմնականում բարձրացել են», «Շատ ահավոր գներ են, չի կարելի, մեղք են էս ժողովուրդը», «Վարչապետի խոսքը տեղ չի հասել»,- դժգոհում են քաղաքացիները: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ շուկայում ընդեղենը բավական թանկ է, քանի որ Լարսի անցակետը երկար ժամանակ փակ էր: Նաև ասաց, որ ապրանքների գներն էականեորեն բարձրանում են արտադրողից խանութ հասցվելուց հետո: Վարչապետի հանձնարարականն էլ, ըստ Մելիտա Հակոբյանի, մասամբ է կատարվել:
«Մենք Լարսի բացվելուց հետո էլ ուսումնասիրություն կատարեցինք և ոչ մի փոփոխություն: Լավ, եթե ընդեղենը ներկրվում է, հնարավոր է, բայց չէ՞ որ դեղձը, ծիրանը մերն են, չէ՞: Մսի շուկայում էլ շատ քիչ էժանացում կա, որովհետև միս շատ կա, հատկապես բուդը: Շատ չնչին տարբեություն»,- ասաց Հակոբյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ըստ վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանի, այս պահին էլ մոնիթորինգ է իրականացնում: Նա վստահեցրեց, թե իրենք միշտ են ամանորից առաջ շուկան դիտարկում: Իսկ վարչապետի առաջարկից հետո «այդ գործողություններն ուժեղացված հսկողությամբ են» իրականացվում: Ալավերդյանի խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առաջնային անհրաժեշտության մի շարք ապրանքների գները նույնիսկ նվազել են:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը, մինչդեռ, նշում է՝ գների աճ նկատվում է հատկապես գյուղմթերքի պարագայում: Պիպոյանը նաև ասաց՝ վարչապետը պետք է գյուղնախարարին հանձնարարեր՝ գնաճը զսպելու մեխանիզմ մշակել:
Բաբկեն Պիպոյանը վստահ է՝ սննդի շուկան վերահսկել հնարավոր է, ուղղակի ձևն ու ուղղությունն է սխալ ընտրված: Նաև նկատեց՝ կարևորը պատճառն է, ոչ թե հետևանքը: Վարչապետն էլ ըստ նրա՝ պարզապես ժողովրդահաճո հայտարարություն է արել: