Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը


Armenia - CSTO, logo
Armenia - CSTO, logo

Սանկտ Պետերբուրգում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նստաշրջանի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիտարկվում են մի քանի թեկնածություններ, բայց որոշում դեռ ընդունված չէ:

«Շարունակվում է այս հարցի քննարկումը, կան տարբեր թեկնածուներ, նախագահները կքննարկեն», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

2003 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան:

Երկու ամիս առաջ երևանյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում էր, որ ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով ստանձնելու է Հայաստանի ներկայացուցիչը, սակայն նիստի ավարտին հայտնի դարձավ, որ հարցն օրակարգից դուրս է եկել: Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը քննարկվելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այս անգամ Հայաստանի ներկայացուցիչը կգլխավորի ՀԱՊԿ-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հստակ պատասխան չտվեց․ - «Օրակարգի և բովանդակության և քննարկված հարցերի, տրված լուծումների առումով կլինի համապատասխան հաղորդագրություն»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանը մի քանի թեկնածու չէր ներկայացնի, իսկ Պեսկովի հայտարարությունը, ըստ քաղաքագետի, վկայում է այն մասին, որ ռազմաքաղաքական կազմակերպության ներսում լուրջ խնդիրներ կան․ - «Հայաստանը մեկ թեկնածու կներկայացներ: Ոչ պաշտոնական տեկեղության համաձայն, որ նորից պարոն Խաչատուրովին ներկայացրեց Հայաստանը: Ու, ինչքան գիտեմ, ոչ մի երկրորդ թեկնածուի մասին Հայաստանի կողմից, ոչ մի ինֆորմացիա չկա: Տրամաբանությունը հուշում է, որ մեկին պետք է ներկայացնի երկիրը: Զարմանալի է, որ լինելով այդ կազմակերպության անդամ, մենք չենք կարող նույնիսկ ռոտացիոն կարգով նշանակել մեր կողմից առաջադրված թեկնածուին: Բացի դրանից, դա ցույց է տալիս մյուս խնդիրը՝ ավելի վտանգավոր, ավելի մտահոգիչ․ դա նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը ռազմական, ռազմաքաղաքական ոլորտներում չեն համընկնում»:

Պետերբուրգյան հավաքին չի մասնակցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն․ մամուլում ավելի վաղ տարածված այս տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Բելառուսի ղեկավարի բացակայությունը չի խոչընդոտի նախատեսված փաստաթղթերի ստորագրմանը, քանի որ դրանք նախապես համաձայնեցված էին և կուղարկվեն Բելառուս՝ ստորագրման համար: Պեսկովը նաև նշել է, որ Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին լավ կլինի խոսի բելառուսական կողմը:

Ի դեպ, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը հանդիսացող Բելառուսի ղեկավարը մեկ ամիս առաջ պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում և հայտարարեց, որ ինքը վարձահատույց կլինի իրեն շնորհված «Հեյդար Ալիև» շքանշանի համար: Իսկ երևանյան գագաթնաժողովին առողջական վիճակի պատճառաբանությամբ չէր մասնակցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Ադրբեջանի հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերությունների մեջ գտնվող Բելառուսի ղեկավարի բացակայությունը կարող է կապ ունենալ Հայաստանի ներկայացուցչի ընտրության հետ․ - «Ինչի՞ց է առաջացել այդ պրոբլեմը՝ Հայաստանի ներկայացուցչին հաստատալ գլխավոր քարտուղար: Դա առաջացել է նրանից, որ Ադրբեջանը մտահոգություն հայտնեց նույն Բելառուսին, նույն Ղազախստանին, նույն Ռուսաստանին, որ իրենք դեմ են, որ Հայաստանի գեներալներից մեկը լինի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Հիմա դուք կարող եք ասել՝ չհասկացանք, Ադրբեջանը անդամ չի: Ահա: Ստացվում է, որ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ-ի անդամ, ունի ՀԱՊԿ-ում ավելի մեծ ազդեցություն, քան Հայաստանը»:

Այսօր Պետերբուրգում տեղի է ունեցել նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Հաղորդվում է, որ տնտեսական միության անդամ երկրների նախագահները ստորագրել են ԵՏՄ մաքսային նոր օրենսգիրքը:

Հաջորդ տարվա հուլիսից ուժի մեջ մտնող օրենսգրքով նախատեսվում է պարզեցնել միության անդամ երկրների միջև մաքսային վարչարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG