Այսօր Ռուսաստանում սգո օր է: Երեկ առավոտյան Ադլերի օդանավակայանից թռչելուց կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարության Տու 154 օդանավը, որն ուղևորվում էր Սիրիա: Սև ծովն ընկած ինքնաթիռում են եղել 92 մարդ, այդ թվում՝ Ալեքսանդրովի անվան երգի ու պարի զինվորական հայտնի համույթի անդամները, զինվորականներ, լրագրողներ, որոնց թվում՝ ռուսական «Առաջին ալիք» և «НТВ» հեռուստաընկերություների ներկայացուցիչներ: Բոլորը զոհվել են: Զոհվածների թվում է նաև հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Ելիզավետա Գրինկան՝ դեկտոր Լիզան:
Ներկայումս ուսումնասիրվում է ինքնաթիռի կործանման 4 վարկած՝ տեխնիկական անսարքություն, անձնակազմի սխալ, վառելիքի վատ որակ և ահաբեկչություն: ՌԴ համապատասխան ծառայությունները, սակայն, վերջին վարկածը քիչ հավանական են համարում, քանի որ մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից Սիրիա ուղևորվող օդանավը պետք է կանգ առներ Մոզդոկում, այլ ոչ թե Սոչիում: Հավելյալ վառելիքի համար Սոչիում վայրէջք կատարելու որոշումը կայացվել է վերջին պահին, Մոզդոկում առկա վատ եղանակի պատճառով:
Կառավարական հանձնաժողովի ղեկավար, ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հաղորդմամբ, առավել հավանական համարովող վարկածներն այս պահին երկուսն են՝ օդանավի անսարքությունն ու անձնակազմի սխալը: Ահաբեկչությունը հիմնական վարկածների թվում չէ:
Սոկոլովն ասել է նաև, որ վթարված ինքնաթիռի սև արկղերը չունեն ռադիոհաղորդիչ սարքեր, ուստի՝ դրանց փնտրում են հատուկ լոկատորների միջոցով: Սոկոլովի խոսքով, որոնողական աշխատանքները շարունակվելու են նաև այսօր, անհրաժեշտության դեպքում՝ նաև առաջիկա օրերին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ, մինչ այս պահը հայտնաբերվել է 11 մարմին և ինքնաթիռի 154 բեկոր: Ավելի վաղ ռուսական աղբյուրները հաղորդել էին, որ Սև ծովում հայտնաբերվել են փրկարարական բաճկոններ: ՌԴ ռազմական գեչատեսչությունը, սակայն, հերքեց այդ տեղեկությունը:
ՌԴ ՊՆ տվյալներով, որոնողական աշխատանքներում ներգրավված են շուրջ 1000 զինծառայողներ: Փորձագետների դիտարկմամբ, հանգամանքը, որ վթարված ինքնաթիռի բեկորներն ու զոհվածների մարմինների մասերը սփռված են բավականաչափ մեծ տարածքի վրա, խոսում է այն վարկածի օգտին, որ ինքնաթիռը պայթել է դեռ օդում:
Տու 154-ը ռադարներից անհետացել էր թռիչքից 2 րոպե անց, Եղանակն այդ պահին թռիչքային է եղել, ինքնաթիռը թեև նոր չէր, սակայն, ըստ մասնագետների, դեռ նվազագույնը 10 տարի կարող էր շահագործվել: Վառելիքի վատ որակի մասին պնդումներին ի պատասխան, մասնագետները հիշեցնում են, որ Ադլերի օադանավակայանից օրական մի քանի տասնյակ թռիչքներ են իրականացվում, և եթե վառելիքի որակը վատն է եղել, ապա այդ մասին հայտնի կդառնար ավելի վաղ:
Ինչ վերաբերում է ահաբեկչությանը, ապա, ըստ ռուսաստանցի փորձագետների, եթե կատարավածն իսկապես ահաբեկչության հետևանք լիներ, ապա այդ մասին անմիջապես կիմանային ՆԱՏՕ-ի համապատասխան ծառայությունները, որոնք հետևում են դեպի Սիրիա թռչող ռուսական բոլոր օդանավերի թռիչքներին: