Մատչելիության հղումներ

Լևոն Մկրտչյանը «միջին» է գնահատում կրթական համակարգի վիճակը


Լևոն Մկրտչյանն ամփոփում է տարին, 23-ը դեկտեմբերի, 2016 թ․
Լևոն Մկրտչյանն ամփոփում է տարին, 23-ը դեկտեմբերի, 2016 թ․

Անդրադառնալով առավելապես հանրապետականներից բաղկացած կառավարության կազմում իր գործունեությանը, դաշնակցական նախարարն ասաց՝ «Դժվարություններ չունենք, քանի որ կոալիցիա ենք կազմել իշխող կուսակցության հետ»։

«Հայաստանի հանրակրթական դպրոցների կառավարման համակարգում արմատական փոփոխություններ են պետք, դպրոցների խորհուրդները պետք է ռեալ աշխատեն, իսկ տնօրենների պաշտոնում պետք է ընտրվեն արժանի մարդիկ»։

Այսօր այս մասին հայտարարեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ամփոփելով անցնող տարին: Լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձավ ոլորտում առկա մի շարք խնդիրների: Հանրակրթության ոլորտում բարեփոխումների հետ կապված՝ Մկրտչյանը, մասնավորապես, ասաց.

«Ծրագիր ունենք՝ սահամանափակել տնօրենների գործունեության ժամկետները։ Որքա՞ն կարող է նույն մարդը մի քանի անգամ ընտրվել տնօրեն։ Այս հարցերը հիմա քննարկման փուլում են»,- նշեց նախարարը: Ըստ նրա, երկրորդ կարևոր հիմնախնդիրը դասագրքերի ցածր որակն է՝ «Դասագիրք գրելու մշակույթ չունենք»։ Երրորդ հիմնախնդիրն, ըստ նրա, կապված է մասնագետների վերապատրաստման հետ:

Կրթության և գիտության նախարարն անդրադարձավ նաև բուհական կրթության քաղաքականությանը, նշելով, որ այդ ոլորտում մի շարք հստակեցումների կարիք կա: Բանախոսն արձանագրեց՝ մասնավոր համալսարաններում կրթության որակի անկում է տեղի ունեցել: Ոլորտի ամենացավոտ խնդիրներից է մնում սոցիալական բարդ պայմաններում ուսման վարձերի վճարումը։

«Փորձում ենք այնպես անել, որ վարձ չվճարելու պատճառով ուսանողը դուրս չմնա։ Բայց դա ենթադրում է լուրջ քաղաքականություն ուսանողական վարկերի, նպաստների մասով։ Սա մեր ուղղություններից մեկն է»,- հայտարարեց Լևոն Մկրտչյանը: Կրթության ներկայիս մակարդակը նա «միջին» գնահատեց։

Պատասխանելով խարխուլ շենքերում տեղակայված դպրոցներին վերաբերող՝ «Ազատության» հարցին, նա նշեց՝ չի կարող որակյալ կրթություն լինել նման պայմաններում։ «Հատկապես գյուղական վայրերում դեռևս ունենք դպրոցներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն։ Շատ մեծ ծրագիր կա Համաշխարհային բանկի հետ։ Պետք է փորձենք երկրի ռեսուրսներին համարժեք այդ հիմնախնդիրները լուծել»,- ասաց նախարարը: Կրթական համակարգի քաղաքականացմանն առնչվող հարցին ի պատասխան էլ նա հիշեցրեց իր երբեմնի կոչը քաղաքական ուժերին՝ «խնայել կրթական համակարգը»։

Դաշնակցական նախարարը խոսեց նաև առավելապես հանրապետականներից բաղկացած կառավարության կազմում իր գործունեության մասին, ասելով՝ դժվարություններ չունեն, քանի որ իրենք կոալիցիա են կազմել իշխող կուսակցության հետ։ Մկրտչյանի խոսքով, թեև վարչապետ Կարապետյանը յուրահատուկ աշխատաոճ է որդեգրել, սակայն, նրա հետ աշխատելը հաճելի է։

«Հետաքրքիր ձևաչափ ունի աշխատանքի, որը կարող է և մի քիչ անսովոր վիճակ է ձևավորում, բայց արդյունքները պիտի շատ շոշափելի և չափելի լինեն։ Այս առումով, նախարարությունն աշխատանքային ծրագրերի մշակման փուլում է հիմա, և ժամանակացույցերն ենք հստակեցնում։ Բայց հաճելի է աշխատելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG