Կաթնամթերք արտադրող տեղական գրեթե բոլոր խոշոր ընկերությունների արտադրանքում հայտնաբերվել են վնասակար մանրեներ, արձանագրվել է խմորասնկերի և բորբոսասնկերի վտանգավոր քանակություն:
Այսպիսի եզրակացության է հանգել «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը՝ իրականացնելով այդ ընկերությունների արտադրած կաթի, թթվասերի և կաթնաշոռի մեկ օրվա նմուշների փորձաքննություն:
Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն «Ազատությանն» ասաց, որ խմորասնկեր են հայտնաբերվել բոլոր խոշոր ընկերությունների արտադրած կաթնաշոռում։ ««Մարիլա», «Անի», «Աշտարակ կաթ», «Բոնիլատ», «Մարիաննա», «Արզնի կաթ», «Բիոկաթ» ընկերությունների արտադրած կաթնաշոռերը չեն համապատասխանում թե՛ խմորասնկերի, թե՛ բորբոսասնկերի, թե՛ աղիքային ցուպիկի մանրեների ցուցանիշներով»,- ասաց Պիպոյանը:
Գյուղնախարարությանն առնթեր՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս ուսումնասիրություններ է իրականացրել կաթնամթերքի շուկայում և խախտումներ է հայտնաբերել։ Սակայն, ի տարբերություն հասարակական կազմակերպության, պետական կառույցը խոշորներից միայն «Մարիանա» ընկերությանն է անդրադարձել։ Ծառայության աննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները։
«Ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության արդյունքում մի շարք տնտեսվարող սուբեկտների արտադրական գործընթացն է կասեցվել, շատերի մոտ իրացումն է կասեցվել և հետագայում ոչնչացվել են տվյալ խմբաքանակները։ Մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող տվյալ խմբաքանակները մենք կասեցրել ենք և արգելել ենք դրանց մուտքը շուկա»,- ասաց Դանիելյանը:
Ծառայության ներկայացուցիչը, սակայն, չհրապարակեց այն ընկերությունների անունները, որոնց գործունեությունը կասեցվել է։ Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ այդպիսով տեսչությունը խախտում է հանրությանը պատշաճ իրազեկելու կարգը։ Նա նաև հարց ուղղեց տեսչությանը՝ ինչու՞ են ստուգել շուկայի միայն 2 տոկոսը զբաղեցնող ընկերություններին և անհատ ձեռներեցներին, իսկ խոշորներին անտեսել։
«Մի ստուգեք էդ 2 տոկոսին։ Բա էն 98 տոկոսն ո՞ւր է։ Եթե ստուգել են ու չեն հայտնաբերել, սա էլ ավելի լուրջ խնդիր է, քանի որ մենք իրենց հետևից հայտնաբերեցինք»,- ասաց Պիպոյանը: