Մատչելիության հղումներ

Գյուղնախարարությունը խաղողագործների պարտքի հարցով դիմել է դատախազություն


Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, արխիվ:
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, արխիվ:

Նպատակը պարզելն է, թե արդյոք «Վինար» ընկերությունը խաբել է խաղողագործ գյուղացիներին:

Նախարարության հաշվարկներով, ընկերությունը դեռ 2015 թվականից մթերված խաղողի դիմաց մոտ 100 միլիոն դրամի պարտքը չի մարել:

Գյուղատնտեսության նախարարությունը, որը նախկինում խաղողագործներին հորդորում էր սպասել, այժմ կոչ է անում դատի տալ անպատասխանատու ու անփույթ ընկերություններին:

«Առաջին հերթին այդ իրավագիտակցության մակարդակը պետք է բարձրանա գյուղացիների մոտ, որ եթե իրենց խաբում են, իրենց իրավունքներին պաշտպան կանգնեն», - այսօր ասաց Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: - «Եթե այդպիսի դեպքեր նախկինում լինեին, այսօր չէինք հասնի այս իրավիճակին: Եթե մարդը ապրանք է վաճառում, ինքը պետք է տեր կանգնի իր իրավունքներին»:

Խաղողագործները շուրջ մեկ տարի բողոքի ցույցեր են անցկացնում՝ գումարի պահանջով: Երկու շաբաթ առաջ Կառավարության շենքի մոտ էին եկել ու վարչապետի հետ հանդիպում էին պահանջում։ Նրանց խոսքով, իրենց համբերությունն արդեն վաղուց է սպառվել։

«Գյուղապետը ստիպեց մեզ, որպեսզի մենք տանենք պարարտանյութի փողը տանք․․․ Չենք կարում չտանք: Ինչը իրանց պետականն ա, գտնում են ձևեր, ինչ-որ տեղ լծակը քաշում են, կայնում ես․․․ Իսկ մենք էլ ենք մեղք: Արդեն մի տարի ամեն օր գալիս ենք ստեղ, որևիցե անգամ որևիցե տեղ ոչ մեկը նորմալ բան չի ասել», - ասաց բողոքի ցույցերի մասնակիցներից մեկը:

«Հետո էլ ասում են՝ գյուղատնտեսությունը պետք է զարգացնենք, գինեգործությունը պետք է զարգացնենք, գյուղացու կողքին պիտի կանգնենք․․․ Ո՞ւր ա․․․ Դարդակ քամիի նման ասեն ու անցնեն գնա՞ն», - հավելեց մեկ ուրիշը:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ցուցարարներին տեղեկացրել էր, թե Պռոշյանի գինու-կոնյակի գործարանը որոշել է գնել գյուղացիների գումարները չվերադարձնող «Վինար»-ի սպիրտային հումքը ու պարտքն այդ միջոցներից մարել։ Այսօր, սակայն, փոխնախարարը հայտարարեց՝ բավարար հումք չկա, ու պարտքը մինչև տարեվերջ ամբողջությամբ չի մարվի․ - «Էլի գործարանատերը անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերեց և հիմա փաստացի սպիրտ չունի: Մեզ հաջողվել է տարբեր տեղերից իր մոտից վերցնել այսօրվա դրությամբ 16 միլիոն դրամի սպիրտ, որը գնել է Պռոշյանի կոնյակի գործարանը: Եվ արդեն տեխնիկական փուլն է: Մենք նաև մարզպետի ու Պռոշյանի գործարանի հետ պայմանավորվել ենք, որ վաղը կամ մյուս օրը գյուղացիների ցուցակները և հաշվեհամարները տրամադրեն մեզ, որպեսզի Պռոշյանի գործարանը վճարի»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պարտատերն իրականում պատգամավոր Կարո Կարապետյանն է, ում և պատկանում է գործարանը, փոխնախարարը հակադարձեց՝ թե ով ում է խաբում, կպարզեն իրավապահները․ - «Կարո Կարապետյանը պարտք չի, ախր: Ավետ Գալստյանն ա պարտք․․․ Ձեր ասած խնդիրը ուրիշ տեղ ա թաքնված․ եթե մարդը պատգամավոր ա, կարա՞ բիզնեսով զբաղվի, թե՞ չէ․․․ Դա մեր խնդիրը չի: Մեր համար տարբերություն չկա՝ պատգամավոր ա գնում, նախարար ա գնում, թե չգիտեմ ով ա գնում, գյուղացու փողը պիտի տան»:

«Վինար»-ի տնօրեն Ավետ Գալստյանը, չնայած նախարարության հոռետեսությանը, վստահ է, որ Նոր տարին կկարողանան առանց պարտքի դիմավորել։

Ընկերության տնօրենը տեսանկարահանվել չցանկացավ, սակայն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե իրենք գյուղացիներին չեն խաբել․ - «Հարկայինը ստուգել ա, դատախազությունը ստուգում ա, Սննդի անվտանգության տեսչությունը ստուգում ա, տեսել են, որ ամեն ինչ նորմալ ա: Հիմա չգիտեմ ով ինչ ա ասում: Պարտքը 100 միլիոն չի, 81 միլիոնի կարգի ա մնացել, և այսօրվա դրությամբ մոտավորապես 30 միլիոնի ապրանք ա գնացելԽ Եվ հիմա էլ ապրանք ա գնում: Մինչև Նոր տարի, իմ կարծիքով, մինչև մի 90 տոկոսը կփակվի»:
Խաղողագործների ընդհանուր պարտքը, ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների, 155 միլիոն դրամ է, իսկ պարտատեր ընկերությունները վեցն են։ «Վինար»-ը խաղողագործներին ամենամեծ պարտքը կուտակած ընկերությունն է։

Փոխնախարարը պնդեց, թե, չնայած խնդիրներին, պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն այս տարի մոտ երկու անգամ ավելացել են՝ կազմելով 143 հազար տոննա:

Լրագրողներից ոմանք, սակայն, թերահավատ էին, ինչին Մակարյանն արձագանքեց․ - «Եթե ստելու լինեի, կասեի երեք անգամ են ավելացել․․․ Դա պաշտոնական վիճակագրություն ա, որը ես ներկայացրեցի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG