Մատչելիության հղումներ

Հայաստանի սահմանները հատող բոլոր քաղաքացիների անձնական տվյալները տրամադրվում են նաև ՖՍԲ-ին


«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը, արխիվ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը, արխիվ:

Հայաստանից մեկնող ու ժամանող բոլոր քաղաքացիների անձնական տվյալները տրամադրվում են նաև Ռուսաստանի իշխանություններին։ Ավելին, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ) հասանելի են ոչ միայն Հայաստանի սահմանը հատող անձանց անձնագրային տվյալները, այլ նաև, թե երբ, որ անցակետով ու որ ուղղությամբ է քաղաքացին հատել սահմանը, ինչ տրանսպորտային միջոցով և ում հետ։

Այս փաստը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանին հայտնի է դարձել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից ստացած պատասխան նամակում։

«Սա խնդրահարույց է ոչ միայն անձնական տվյալների պաշտպանության առումով, այլ նաև առհասարակ պետականության առումով, որովհետև ի՞նչ գործ ունի այլ պետության հատուկ ծառայությունը իմանալու, թե Հայաստանի Հանրապետություն ով է մտնում, ով չի մտնում: Սա միայն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն է, որ պետք է իմանա», - նշեց նա:

Իոաննիսյանի պնդմամբ՝ Կառավարության 2006 թվականի համապատասխան որոշմամբ, Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍէԿՏ) համակարգից օգտվելու իրավունք ունեն միայն ՀՀ պետական մարմինները: Ազգային անվտանգության ծառայությունը տվյալները Ռուսաստանի ԱԴԾ-ին տրամադրելը հիմնավորել է 1992 թվականին երկու երկրնրի միջև կնքված միջպետական պայմանագրով։

ՍԷԿՏ համակարգը, մինչդեռ, Իոաննիսյանի փոխանցմամբ, Հայաստանի սահմանային անցակետերում գործարկվել է 2006 թվականին․ - «Այն, որ 1992 թվականի պայմանագրում որևիցե բան էլեկտրոնային կառավարման համակարգի մասին չի կարող լինել, դա ակնհայտ է: Այդ պայմանագրով հստակ նշված է, որ Ռուսաստանի սահմանապահները Հայաստանում իրականացնում են անձանց և իրերի բաց թողումը: Զուտ եթե օրինականության տեսանկյունից նայենք, ապա հակաօրինական է և պետք է պարզապես արգելվի»:

Նրա խոսքով, Ռուսաստանի ԱԴԾ-ին ՍԷԿՏ-ից օգտվելու թույլտվություն տալով՝ հայաստանյան իշխանությունները խախտում են նաև Հայաստանի սահմանը հատող օտարերկրացիների իրավունքները, քանի որ նրանց մասին տվյալները նույնպես հասանելի են դառնում ռուսատանյան իշխանություններին․ - «Այստեղ խնդիր կա, որ այդ տվյալները կարող են օգտագործվել ի վնաս քաղաքացիների: Երբ օգոստոսին հրապարակվեցին Հայաստանում Ամերիկային դեսպանատան մի քանի դիվանագետների անձնագրերի սկաններ, մենք կասկածեցինք, որ դա հենց այդ կերպ է եղել, ուտեչկան գնացել է Ռուսաստանի ԱԴԾ-ից: Եվ սկսեցինք այդ ուղղությամբ հետաքննություն անել, և պարզվեց, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն իրոք այդ աքսես-ը ունի»:

Իոաննիսյանի դիմումի հիման վրա Արդարադատության նախարարությունում արդեն վարչական վարույթ է հարուցվել։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ գործակալությունը կպարզի, թե արդյոք իրավաչափ է Ռուսաստանին Հայաստանի ՍԷԿՏ-ից օգտվելու թույլտվությունը․ - «Ընդհանրապես, եթե այս վարույթի շրջանակներից վերանանք, ապա դրա հնարավորությունը կա «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում, որն ասում է, որ մեր պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները այլ երկրների պետական մարմիններին կարող են փոխանցվել, բայց՝ միայն միջազգային պայմանագրի շրջանակներում: Ընդ որում, այդ պայմանագրի մակարդակը պետք է լինի միջպետական»:

Հայրապետյանը նաև վստահեցրեց, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կպարզի, թե արդյոք Ռուսաստանի ԱԴԾ-ին տվյալների տրամադրումը համապատասխանում է անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքին․ - «Այսինքն, եթե անգամ օրենքով նախատեսված է և կա որոշակի նպատակ այդ տվյալները փոխանցելու կամ նրանց հասանելի դարձնելու, ապա արդյո՞ք դա արվում է այն նվազագույն քանակով կամ այն անհրաժեշտ, պիտանի ծավալով, որը որ անհրաժեշտ է նպատակին հասնելու համար»:

Երեկ կայացել է վարչական վարույթի առաջին նիստը, որին ԱԱԾ-ն չի ներկայացել: Գևորգ Հայրապետյանի խոսքով, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը որոշումը կհրապարակի հաջորդ տարվա հունվարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG