«Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետևում գյուլենական կառույցն է կանգնած»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Չավուշօղլուն Քերիին ասել է, թե այդ կարծիքին է նաև Ռուսաստանը:
Թուրք նախարարի այս պնդումները մտահոգել են պաշտոնական Վաշինգտոնին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին, մեկնաբանելով Չավուշօղլու-Քերի հեռախոսազրույցը, ասել է՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ զրույցում պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Անկարայի ուղղակի և անուղղակի այն ակնարկների կապակցությամբ, թե իբր այդ հարձակումն իրականացվել է ԱՄՆ-ի աջակցությամբ, քանի որ Գյուլենը շարունակում է գտնվել Միացյալ Նահանգներում: Քիրբին թուրքական կողմի պնդումները ծիծաղելի է համարել` ընդգծելով, որ դրանք ապացուցող ոչ մի փաստ չկա:
Երկուշաբթի երեկոյան Անկարայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո թուրքական իշխանությունները շտապեցին պատասխանատվության սլաքներն ուղղել դեպի գյուլենական կառույցը, հայտարարելով, թե այդ գործողության նպատակն է՝ խափանել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող վտարանդի իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենը, սակայն, հերքում է իրեն հասցեագրվող մեղադրանքները: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ` Գյուլենի ներկայացուցիչ Ալփ Ասլանղողանը ծիծաղելի է որակել թուրքական կողմի պնդումները` նշելով, որ այդ կերպ թուրքական իշխանությունները փորձում են կոծկել անվտանգության միջոցառումների թերությունները: Ասլանդողանը նաև հավելել է, որ Գյուլենը խստորեն դատապարտում է ռուս դեսպանի նկատմամաբ իրականացված հարձակումը: