Սահակյանի խոսքով՝ դեռ ընթացքի մեջ են ընդունման-հանձման աշխատանքները, ինչից հետո որոշում կկայացվի շենքի վարձակալության, վաճառքի կամ հավատարմագրային կառավարման մասին։
Թանկարժեք շինությունը նոյեմբերի 10-ին փոխանցվեց Պետական գույքի վարչության հաշվեկշռին, և մեկամսյա ժամկետում պետք է Կառավարությանը ներկայացվեր շենքը տնօրինելու ամենաընդունելի տարբերակը․ - «Մենք պետք է Կառավարություն ներկայացնենք ծրագրային մոտեցումներ, երեք մոտեցումներ՝ օտարում, վարձակալություն և հավատարմագրային կառավարում: Մենք ներկայացրել ենք Կառավարությանը, որ քննարկելի են մեզ համար այս երեք տարբերակները: Հավանական գնորդ կամ ցանկացող այս պահին գոյություն չունի»:
«Ազատությունը» Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք 2011-ից մինչև այսօր պետական միջոցներից ուսումնական կենտրոնի կառուցման համար հատկացված 33 միլիոն դոլարը վերադարձվելու է բյուջե: Նրա արձագանքը․ - «Դուք հիմա ասում եք 33 միլիոն դոլար, ես դրա համար եմ ասում՝ մենք հիմա ընդունման-հանձնման գործընթացի մեջ ենք: Ընդունման-հանձնման գործընթացների մեջ մտնում է նաև այդ ֆինանսական, բալանսային արժեքները: Երբ որ դրանք ամբողջությամբ կհստակեցվեն, մենք ևս մեկ անգամ ձեզ կտեղեկացնենք դրա մասին, և ես երաշխավորում եմ, որ պետությունը դրանից, համենայն դեպս, չի տուժել և չի տուժելու»:
Կենտրոնի կառուցուման նախաձեռնողներից էր Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, դառնալու է շենքի գնորդը։ Հարցին, թե հենց Խաչատրյանին են պարտավորեցրել փակել տարիներ շարունակ պետությանը հասցրած վնասը, Արման Սահակյանը պատասխանեց․ - «Հարցը մի փոքր տեղին չէ, որովհետև մեր երկրում ոչինչ ստիպողաբար չի արվում, և նման քաղաքական որոշում չկա»:
Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով՝ մինչ Պետական գույքի կառավարման վարչությունում հանձնել-ստանալով են զբաղված, օդում կախ է մնում այն հարց, թե ով պետք է պատասխանատվության ենթարկվի հարկատուների հաշվին նման ճոխ, բայց անարդյունավետ ծախսեր անելու համար:
«Իմ համար գոնե, որպես քաղաքացի, ակնհայտ է, որ բյուջեի միջոցներն են մսխվել, փոշիացվել են: Կարծում եմ, դրա համար ոչ այնքան քրեական պատասխանատվության խնդիր պիտի բարձրացվի, այլ քաղաքական պատասխանատվության, որովհետև մի քանի տասնյակ միլիոնի աննպատակ պարտք անել օրը ցերեկով ու դրա համար ոչ մեկը նույնիսկ ներողություն չխնդրի, ուղղակի դա աբսուրդ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Գեւրոգյանը նկատում է, թե այս անգործությունը երաշխիք է, որ եթե մեկ ուրիշ տեղ կրկին մսխվեն պետական բյուջերի միջոցները, ապա դրա պատասխանատուները անպատիժ կմանան։
Տնտեսական մեկնաբանի խոսքով՝ այս գործում քիչ չեն նաև այն փասերը, որոնք պետք է գրավեին իրավապահների ուշադրությունը՝ շռայլ գնումներ, հիմնականում կատարված մեկ անձից․ - «Իրավապահ մարմինները պիտի համեմատեն գները, թե այդ նույն ապրանքը ուրիշ տեղերում ինչ գնով կարելի էր գնել, բուն շինարարության վրա ինչքան է ծախսվել, ինչպես է ծախսվել․․․ Դա արդեն լրիվ ուրիշ է, դա արդեն քրեական ոլորտից է»:
Վերջերս ուշադրության կենտրոնում հայտվեց նաև աճուրդի հանված հերթական պետական գույքը՝ Տրանսպորտի և կապի նախարարության շենքը։ Ըստ Արման Սահակյանի, ամեն ինչ կազմակերպվեց բաց ընթացակարգով, որպեսզի հետո ոչ ոք պետությանը չմեղադրի գնորդի հետ գաղտնի գործարք կնքելու մեջ։
Սակայն, ինչպես վարչության պետն է նշում՝ 28 միլիոն դոլար գնահատված շինության աճուրդը չի կայացել․ - «Կարծում եմ, որ եթե Տրանսպորտի և կապի նախարարության շենքի վաճառքը իրականանա, դա ևս կլինի մեր պետության, մեր երկրի համար ամենակարևորագույն և ամենալավ գործարքներից մեկը»:
Պետգույքի վարչության պետի խոսքով, երկրորդ աճուրդ դեռ չի նշանակվել, բայց եթե անգամ որոշվի կրկին վաճառքի հանել, ապա գինը չի նվազի։
Պարզաբանելով, թե ինչն է պատճառը, որ նախկին ԱԳՆ-ի շենքից հետո, այժմ էլ այս նախարարությանն են որոշել տեղափոխել՝ Սահակյանն ասում է. - «Հանրապետության հրապարակը, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի վերածվի ավելի զբոսաշրջային կենտրոնի: Իհարկե լավ կլինի, որպեսզի առաջարկողները առաջարկեն հենց հյուրանոցային համալիր կառուցելու առաջարկներ»:
Սահակյանը չբացառեց, որ զբոսաշրջության զարգացման նպատակով մի օր էլ վաճառքի հանվի Կառավարության շենքը: