Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված, որտեղ ներկա է գտնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը:
Ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի իրականացման շնորհիվ, ըստ պատասխանատուների, նորակառույց ավտոճանապարհն իր վրա կվերցնի հարավից դեպի մայրաքաղաք եկող և հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը: Ճանապարհի երկարությունը 5 կմ է, միջին լայնությունը՝ 24-28 մ: Հիմնական ճանապարհը բաղկացած է երթևեկելի 4 գոտուց: Արտաշատի խճուղում կառուցվել է վերգետնյա հետիոտնային անցում, որն առաջին անգամ Երևանում ապահովված է հաշմանդամների համար նախատեսված վերելակներով:
«Ինչպես գիտեք, սա ընդամենը Երևանի շրջանցիկ ճանապարհի մի հատվածն է միայն և հաջորդ փուլով՝ Ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը կկապվեն իրար: Այդ համատեքստում արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որի շրջանակում նախատեսված է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամրջի կառուցում», - լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: - «Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2019 թվականին, ինչի արդյունքում կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի 4 վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը», - նշել է Երևանի քաղաքապետը: