Մատչելիության հղումներ

Փորձագետները համաձայն չեն Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դերի մասին Տեր-Պետրոսյանի գնահատականի հետ


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ավելի շատ ուղղված էր միջազգային հանրությանը, պնդում են հայաստանյան փորձագետները։

Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպած Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը կայացած ՀԱԿ համագումարին հայտարարեց՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների սեղանին դրված է փուլային տարբերակը, որին, ըստ առաջին նախագահի, այլընտրանք գոյություն չունի։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, պնդում է՝ վերջին 20 տարիները ցույց տվեցին, որ Ադրբեջանը միշտ էլ դեմ է եղել ղարաբաղյան հարցի փուլային լուծման տարբերակին։

«Եթե զուտ տեսականում դիտարկենք, այլ տարբերակ չկա, բայց գործնականում 20 տարին ցույց տվեց, որ դա տարբերակ չէ և այդ տարբերակի խաղարկումը բերելու է փակուղու և պատերազմի: Ադրբեջանը 20 տարի փաստացի զբաղվում է դրանով, որ անընդհատ ասում է, որ չի համաձայնելու, ինքը հավակնում է ամբողջին, և Հայաստանի այդ պատրաստակամությունը՝ մասը հանձնել ինչ-որ մասեր պահելու համար, բացի Ադրբեջանի այդ ձգտումներին ավելորդ միջազգային լեգիտիմություն հաղորդելու, որևէ այլ բանի չի բերելու և դա ակնհայտ դարձավ ապրիլի պատերազմին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Բադալյանը:

Վերլուծաբանը համակարծիք չէ նաև Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն մտքին, որ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է․ - «Կարծում եմ՝ ոչ թե լուծման բանալին է գտնվում, այսինքն՝ Ռուսաստանը չի կարող լուծել այդ հարցը, և դա պարզ դարձավ այս վերջին երկու-երեք տարիների ընթացքում: Ռուսաստանի ձեռքին է գտնվում շանտաժի բանալին, և այս առումով, իսկապես, դա ակնհայտ իրողություն է: Եվ այդ շանտաժից դուրս գալու համար էլ հայկական կողմին պետք է էապես փոխել մոտեցումը և ռազմավարությունը հակամարտության կարգավորման»:

Ռուսաստանի հարցում նույն կարծիքին է նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Փորձագետի խոսքով՝ մոսկովյան պլանը ենթադրում է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պետք է տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժերը, մի բան, որին ըստ Սաֆարյանի դեմ են արտահայտվել և՛ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, և՛ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես կարող եմ հիշեցնել Ջեյմս Ուորլիքի մի քանի հարցազրույցներ, երբ հենց ռուս լրագրողների հարցերին նա պատասխանել է, որ ընդունված կանոնը այն է, որ Մինսկի խմբի ընդունած կանոնը այն է, որ Մինսկի խմբի անդամ երկրները չպետք է խաղաղապահներ ունենան», - նշեց Սաֆարյանը:

Վերլուծաբանների կարծիքով՝ համագումարի իր ելույթով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է մեծացնել ՀԱԿ կուսակցության քաղաքական դերակատարությունը Սերժ Սարգսյանի ու Միջազգային հանրության մոտ։

«Հակված եմ մտածելու, որ սա ընդամենը նախընտրական առաջարկ է Սերժ Սարգսյանին և աշխարհաքաղաքական կենտրոններին՝ ինչ-ինչ մարտավարական անհրաժեշտություն կամ օգտակարություն ենթադրելով և ակնկալելով, որ այդ առաջարկը կարող է ընդունվել, ինչը կբարձրացնի Հայ ազգային կոնգրեսի նշանակությունը նախընտրական այս շրջանում», - ասում է Հակոբ Բադալյանը:

«Նա կարծեք թե Ռուսաստանին հասկացնել էր տալիս, որ Հայաստանի իշխանությունները բացահայտ չեն աջակցում կարգավորման ձեր տարբերակը և ես միակն եմ, որ դա անում եմ», - մեկնաբանում է Ստյոպա Սաֆարյանը:

Փորձագետները համակարծիք չեն նաև Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգն է։

«Միգուցե Տեր-Պետրոսյանի վրա իսկապես պատերազմը այդպիսի սարսափելի հոգեբանական ազդեցություն թողնում է, բայց ես չեմ կարծում, որ այս ժողովուրդը վախկոտ է», - ասում է Սաֆարյանը:

«Հակառակը, եթե իսկապես գնա տարածք հանձնելու և անվտանգության գոտին նեղացնելու դիսկուրս, դա արդյո՞ք չի բերի արտագաղթի հենց Արցախի բնակչության շրջանում», - հավելում է ԲԱդալյանը։

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը, այդուհանդերձ, առաջին նախագահի հետ մեկ հարցում համաձայն է՝ փուլային տարբերակին ընդդիմացողները վերջին 20 տարում քննադատությունից բացի Ղարաբաղյան հարցի լուծման այլ տարբերակ առաջ չեն քաշել:

«Վտանգը, որ Հայաստանում կա այդ մոտեցման առումով, ոչ թե այն է, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել դրա կրողը, այլ որ Տեր-Պետրոսյանից բացի չկա այլընտրանքային տարբերակ ձևակերպված, որպես քաղաքական բովանդակություն, ռազմավարություն, հեռանկար», - ասաց Բադալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG