Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների բողոքները


Վալերի Պերմյակով, արխիվ
Վալերի Պերմյակով, արխիվ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով Ավետիսյանների իրավահաջորդների բողոքները։

Նախագահող դատավորը որոշումը հրապարակեց լրատվամիջոցների և ներկաներից միայն մեղադրող դատախազի համար։ Նիստին չէին եկել ո՛չ տուժող կողմի ներկայացուցիչները, ո՛չ էլ Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները, հիշեցնենք, վերաքննիչ երկու բողոք էին ներկայացրել։ Առաջինը, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ չի բացահայտել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը։ Երկրորդ բողոքով էլ՝ տուժողի ներկայացուցիչները պնդում էին, որ դատարանը խախտել է օրենքը, քանի որ, թեև վարույթ է ընդունել Ռուսաստանի Դաշնությունից ոչ-նյութական վնասի համար 450 հազար եվրոյի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայցը, սակայն մեկ ամիս անց մերժել է դրա քննությունը։

Ուշացած դատարան հասած Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Միհրան Պողոսյանի համար Վերաքննիչի որոշումը անակնկալ չէր․ նշեց՝ սպասում էր այսպիսի ավարտի, հավելելով՝ քաղաքացիական հայցի հետ կապված իրենք հավանաբար կդիմեն Վճռաբեկ դատարան․ - «Ակնհայտ էր, որ քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց հետո առաջին ատյանի դատարանը որոշ տեղեր քննարկելուց հետո հաջորդ դատական նիստին այդպիսի որոշում էր կայացվել»:

Պողոսյանի խոսքով՝ երբ կստանա դատական ակտը և կհասկանան մերժման պատճառաբանությունները, այդ ժամանակ պարզ կդառա նաև հետագա անելիքը։ Ըստ փաստաբանի, եթե չկարողանան հաջողության հասնել հայաստանյան դատական եռաստիճան համակարգում, ապա բողոքը կհասնի Եվրոպական դատարան։

«Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալ հարցով արդարադատության չհասնենք: Հետագայում նպատակը հենց Եվրոպական դատարանում սույն գործողությունները՝ դատական համակարգի, բողոքարկելն է», - մանրամասնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչը:

Վերաքննիչի որոշումը Վճռաբեկում կբողոքարկեն նաև Արթուր Սաքուցն ու Արայիկ Զալյանը։ Վերջինիս «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Ավետիսյանների հարազատների համար այդպես էլ չբացահայտված մնացին սպանության մանրամասները։ Զայլանը շեշտում է՝ դեռ նախաքննության փուլում անտեսվել են մի շարք կարևոր փաստարկներ, որոնք կարող էին բացահայտել սպանության դրդապատճառները, չեն հարցաքննվել նաև կարևոր վկաներ, անտեսվել է Վալերի Պերմյակովի՝ սոցցանցերում կատարած նամակագրությունն ու բանկային հաշիվներին փոխանցումները։

«Բազմաթիվ հարցեր և հանգամանքներ այդ գործի շրջանակներում անհայտ մնացին տուժող կողմի համար: Ասենք՝ Պերմյակովը գործել է մենակ, թե չի գործել մենակ», - նշեց նա: - «Կարևորագույններից մեկը այն է, որ ինքը իր քրոջը գրում է՝ ստուգիր իմ բանկային հաշիվը՝ փոխանցում կատարվել է, թե՞ չի կտարվել: Իսկ տվյալ ուղղությամբ, թե փոխանցում առհասարակ կատարվեց, չկատարվեց, ի՞նչ փոխանցման, ի՞նչ գումարի մասին էր խոսքը՝ որևիցե քննություն չկատարվեց»:

Արայիկ Զալյանը չցանկացավ մեկնաբանել այն հարցը, թե ինչո՞ւ Ավետիսյանների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչները համակարծիք չեն իր և Սաքունցի հետ և գտնում են, որ սպանությունն ամբողջությամբ բացահայտված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG