Մատչելիության հղումներ

«Ճանապարհ դեպի լեռը»․ տեղի ունեցավ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի հոբելյանական երեկոն


Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում «Ճանապարհ դեպի լեռը» խորագրի ներքո տեղի ունեցավ ժամանակակից կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի հեղինակային երեկոն՝ նվիրված նրա ծննդյան 50-ամյա հոբելյանին: Երեկոյի ընթացքում հնչեցին Բերբերյանի բազմաժանր ստեղծագործությունները: Նա հեղինակ է մեներգիչների, երգչախմբի, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի համար գրված տարբեր ստեղծագործությունների, այդ թվում՝ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, նաև մի քանի մյուզիքլների հեղինակ է:

Համերգից առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ով ղեկավարում էր հոբելյանական համերգն, ասաց, որ Ավետիս Բերբերյանի հետ դեռ ուսանողական օրերից է մտերիմ, և դեռ այդ տարիներից պարզ էր, որ Բերբերյանը իր լուրջ ներդրումն է ունենալու Հայաստանի երաժշտական բնագավառում:

«Շատ տաղանդավոր, խոստումնալից ուսանող էին դիտարկում նրան: Այսօր անցել են տասնամյակներ, և երբ ես սկսեցի փորձել այսօրվա համերգային ծրագիրը, հասկացա, որ դրա ապացույցն է: Շատ էմոցիոնալ, խորը զգացմունքներից ծնված ստեղծագործություններ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուբեն Ասատրյանը:

Ինքը՝ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչը կարող է նշել որպես ամենակարևոր ձեռքբերում, շեշտեց․ - «Հաջողվել է այն արդյունքը, որ էդ հասունացման պրոցեսը էսօր եկավ իր կուլմինացիային, ու շատ երջանիկ եմ, որ ստեղծագործական տեսակետից այսօր ունեմ էդ հնարավորությունը ամբողջ այդ ստեղծագործական ուղու ծաղկաբույլը ներկայացնելու»:

Արձագանքելով դիտարկմանը, որ շատ արվեստագետներ անկախության տարիներին արտագաղթել են Հայաստանից, Բերբերյանն ասաց․ - «Ես գտնում եմ, որ արվեստագետը պետք է շփվի աշխարհի հետ, էդ մշակույթների խաչմերուկին հպվի, հասկանա՝ ինքը ինչ անելիքներ ունի, աշխարհը պետք է զգա: Բայց էն, որ ինքը, անկախ ամեն ինչից, պետք է կապված լինի իր հայրենիքի հետ, իր հողի, ջրի, սա միանշանակ է, որովհետև ամբողջ քո հոգևոր ներքին աշխարհը քո երկրի, քո հայրենիքի հետ է կապված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG