Մատչելիության հղումներ

Սարի թաղի գործը լսող դատավորի բացարկի միջնորդությունը մերժվեց


Սարի թաղ, 29-ը հուլիսի, 2016 թ․
Սարի թաղ, 29-ը հուլիսի, 2016 թ․

Դատավարության ընթացքին հետևող սարիթաղցիները համոզված են՝ «դատարանն ուղղորդվում է»:

Սարի թաղի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվում էին տուժող ճանաչված ոստիկանները։ 7 ոստիկանից առաջինի հարցաքննության ընթացքում պաշտպան Լիպարիտ Սիմոնյանին կողմնակալ թվաց դատավոր Աննա Դանիբեկյանին պահվածքը։ Պաշտպանը փորձում էր ստույգ պատասխան ստանալ՝ արդյո՞ք ոստիկանը հստակ հրահանգ է ստացել իր հերթապահության վայրից՝ Խորենացի փողոցից Սարի թաղ գնալու համար։ Ոստիկանն էլ ասաց, թե հրաժարվում է պատասխանել, քանի որ արդեն մի քանի անգամ պատասխանել է այդ հարցին:

Դատավորն էլ ասաց՝ դատարանը գտնում է, որ ոստիկանը հարցին պատասխանել է, ինչին հետևեց Լիպարիտ Սիմոնյանի՝ դատավորին ներկայացված բացարկը, քանի որ դատավորն «ուղղակիորեն մեղադրողի ֆունկցիա է իրականացնում»: Բացարկի միջնորդությանը միացան նաև պաշտպաններ Դավիթ Մնացականյանը և Գրիշա Բալասանյանը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, դատարանը բացարկի միջնորդությունը մերժեց։

Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցած բախումները սարիթաղցիները մեկնաբանում են, որպես բողոքի ձայն բարձրացնելու փորձ։

Մինչդեռ, ձերբակալված 9 քաղաքացու առաջադրվել է մեղադրանք՝ ոստիկանների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հատկանիշներով։ Տուժող է ճանաչվել 7 ոստիկան։ Հարցաքննվող առաջին ոստիկանը՝ Աբել Վարդանյանը, սակայն, դատարանի առջև նշեց, որ այս գործով անցնող 4 ամբաստանյալներից որևէ մեկն իրեն վնաս չի պատճառել։

Դատավարության ընթացքին հետևող՝ սարիթաղցի ամբաստանյալների հարազատները համոզված են, որ դատարանն ուղղորդվում է։ «Կոնկրետ Սարի թաղի տղաների հետ կապված ինչ-որ վրեժխնդրություն կա, իրենց հանդեպ տրամադրվածություն կա: Երբ տուժող կողմը ցուցմունք ա տալիս, ինքը ոչ մի բանից տեղյակ չի: Երևի չգիտեն՝ ինչ գործով ա ներկայացել, ուղղակի մի քանի բառով բացատրել են, եկել ցուցմունք ա տալիս»,- ասաց ներկա սարիթաղցիներից մեկը:

Սարի թաղի գործով 4 ամբաստանյալների դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 29-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG