Մատչելիության հղումներ

«Հայաստանի իշխող վարչակազմի ու ժողովրդի միջև անդունդ է խորանում»․ Զեկույց


«Հայաստանը շրջադարձի վրա է՝ տնտեսության վիճակը շարունակում է մնալ վատ, բնակչությունը սկսում է հոգնել քաղաքական գործիչներից ու նրանց որոշումներից, մինչ անվտանգության մակարդակը գնալով վատանում է, ինչն ակնառու դարձավ ապրիլին՝ Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմի ժամանակ», - փաստում է Քարնեգի հիմնադրամի ծավալուն զեկույցը՝ անկախության 25 տարիների վերաբերյալ:

«Հայաստանի իշխող վարչակազմի ու ժողովրդի միջև անդունդ է խորանում՝ պաշտոնական Երևանի վերահսկողությոնից դուրս գտնվող մի շարք երևույթների ու իր իսկ թույլ տված սխալների պատճառով», - արձանագրում է կենտրոնի եվրասիական գծով առաջատար փորձագետ Փոլ Ստրոնսին՝ ընդգծելով՝ հայաստանցիներն այլևս պատրաստ չեն նախկինի նման հաշտվել սահմանափակ ժողովրդավարության ու տնտեսական դժվարին կացության հետ միայն հանուն անվտանգության:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական համակարգը որակելով քաոսային, փորձագետը նշում է՝ ընդդիմախոսները կարող են քննադատել կառավարությանն ու հրապարակավ քննարկել խնդիրները, սակայն, ընտրությունների կամ սահմանադրական այլ ճանապարհով քաղաքականության վրա ազդելու հնարավորությունը մնում է սահմանափակ:

Զեկույցում բավական ծավալուն անդրադարձ կա Հայաստանի երեք նախագահներին: - «Չնայած ղարաբաղյան պատերազմում հաղթանակին՝ անկախության առաջին տարիները մութ ու ցուրտ էին, գնաճը հասավ աննախադեպ մակարդակի, բնակչության կեսը հայտնվեց աղքատության մեջ: Սրա հիմնական պատճառը պատերազմն ու Խորհրդային միության փլուզումն էր, բայց մեղադրանքների մեծ մասը բաժին հասավ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նրա թողած ժառանգությունը միանշանակ չէ, 90-ականներին քաղաքական համակարգն առավել բաց էր, քան այսօր, սակայն Թուրքիայի հետ մերձենալու, Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցում փոխզիջման գնալու նրա քաղաքականությունը աջակցություն չստացան: 1994-ին Դաշնակցության արգելափակումն ու 96-ի ընտրություններում խախտումների մասին մեղադրանքներն էլ ստվերեցին ժողովրդավար առաջնորդի նրա համբավը», - փաստում է զեկույցը:

«Քոչարյանի ղեկավարումը համընկավ տնտեսության դանդաղ վերականգնման հետ, Հայաստանի գազի, էլեկտրականության ու տրանսպորտի ենթակառուցվածքները սկսեցին կրկին աշխատել», - նշում է փորձագետը՝ միաժամանակ ընդգծելով՝ դրա պատճառը թերևս ավելի բարենպաստ ժամանակաշրջանն էր, քան Քոչարյանի որդեգրած քաղաքականությունը, քանի որ այդ ժամանակ տնտեսությունը վերելք էր ապրում Եվրասիայի բոլոր պետություններում․ - «Քոչարյանի օրոք կառավարության անդամների կամ նրանց հետ մերձավոր օլիգարխների մի փոքր խումբ սերտ վերահսկողոթյուն հաստատեց տնտեսական դաշտում, չկարգավորված ղարաբաղյան խնդրի պատճառով Հայաստանը դուրս մնաց տարածաշրջանի էներգետիկ ու տրանսպորտային ծրագրերից, մեծացավ կախվածությունը Ռուսաստանից»:

«2008-ի քաղաքական ճգնաժամը՝ տասը զոհերով, ի սկզբանե ստվերեց Սերժ Սարգսյանի նախագահությունը, ով ստիպված էր բախվել մի շարք մարտահրավերների՝ պաշտոնը ստանձնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին», - փաստում է փորձագետը՝ բավական մանրազնին կենտրոնանալով երկրորդ և երրորդ նախագահների ու նրանց թիմերի միջև ի հայտ եկած տարաձայնությունների վրա․ - «Սարգսյանի և Քոչարյանի ճամբարների միջև բարձր խաղադրույքներով մանևրումը ի ցույց է դնում քաղաքական համակարգ, որտեղ գերակշռում են ինտրիգներն ու կուլիսային խաղերը, մինչդեռ հասարակությունը, մեծ հաշվով, ներգրավված չէ»։

Տնտեսությունն այսօր ղեկավարվում է սակավաթիվ օլիգարխների կողմից, որոնք օգտվում են երկրի աշխարհքաղաքական մեկուսացումից, և այս առումով, ըստ փորձագետի, Հայաստանը շատ քիչ նմանություն ունի Ուկրաինայի հետ, որտեղ մոնոպոլիզացված տնտեսության հետ մեկտեղ առկա է մրցակցային քաղաքական դաշտ:

«Մենաշնորհները, կոռուպցիայի բարձր մակարդակը, թույլ արդարադարությունը, ոչ թափանցիկ քաղաքական համակարգն ու պատերազմի շարունակական վտանգը ստիպում են մարդկանց հեռանալ երկրից», - փաստում է զեկույցը՝ ընդգծելով՝ Միգրազիայի միջազգային կազմակերպության տվյալներով հայաստանցիների մոտ 24 տոկոսը 2015 թվականին ապրել է երկրի սահմաններից դուրս:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ փորձագետը նշում է՝ այժմ մի քանի ընդդիմադիր ուժեր բանակցում են դաշինք կազմելու շուրջ, սակայն առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք այդ կուսակցությունների առաջնորդները կկարողանան հաղթահարել անձնական ու քաղաքական թշնամանքը, մի բան, որ խնդիր է տևական ժամանակ: Առայժմ հստակ չէ նաև, թե սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանի նոր քաղաքական կառուցվածքը ինչպես է ձևավորվելու, ով է առաջնորդելու երկիրը և ինչ դեր են ստանձնելու գործող նախագահն ու նրա երկու նախորդները 2018 թվականից հետո:

«Շատերն են կարծում, որ վերջին սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը մտադիր է նախագահության ժամկետից հետո վարչապետ դառնալ իշխանությունն իր ձեռքում պահելու համար, սակայն, հաշվի առնելով երկրում աճող դժգոհությունն ու քաղաքական հակառակորդների միջև մրցակցությունը, այդ ծրագիրը կարող ռիսկային լինել», - արձանագրում է Քարնեգիի առաջատար փորձագետ Փոլ Ստրոնսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG