Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նոր կանոնակարգն ընդունվեց


Օրենսդիրներն այսօր երրորդ ընթերցմամբ ընդունեցին Ազգային ժողովի կանոնակարգի նախագիծը, որով աշխատելու է ապրիլին ընտրություններից հետո ձևավորվելիք խորհրդարանը:

Կանոնակարգի նախագծում նորամուծությունները շատ էին, քննարկումները՝ բուռն: Ամենաթեժ բանավեճերը ծավալվեցին այն կետի շուրջ, որը թույլ է տալիս պատգամավորին հեռանալ խմբակցությունից՝ առանց մանդատը վայր դնելու: Խմբակցությանը նույնպես հնարավորություն է տրվում իր շարքերից հեռացնել կարգապահությունը խախտած պատգամավորին: Վերջնականապես ընդունված տարբերակում այս դրույթը պահպանվել է, թեև առարկություններ հնչեցին հենց իշխող խմբակցությունից: Լևոն Մարտիրոսյանը պնդեց․ - «Սահմանադրությունը հստակ ասում է, որ պատգամավորն իրավունք ունի քվեարկել, ինչպես ցանկանում է: Պատգամավորն առաջնային մանդատ ունեցող պաշտոնյա է: Իսկ քվեարկելն է, որ բերելու է այն խնդիրներին կամ կոնֆլիկտներին, որ ֆրակցիայում առաջանալու են: Որովհետև կարգապահությունը ի՞նչ է՝ պատգամավորը քվեարկում է ֆրակցիայի որոշման համաձայն, կամ դրա դեմ, և այստեղ է առաջանալու հակամարտությունը: Բայց այս դեպքում, ֆրակցիան որքան էլ ցանկանա, Սահմանադրության համաձայն չի կարողանալու հեռացնել որևէ մեկին»:

Պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, Ազգային ժողովի նոր կանոնակարգի հեղինակներից Հովհաննես Սահակյանը արձագանքեց․ - «Ես ուզում եմ հիշել՝ որևիցե անգամ Դուք մեր խմբակցության որոշումներին դեմ քվեարկե՞լ եք: Դե՝ լավ է, մենք էլ դա ենք ասում: Եվ այնպես չէ, որ խմբակցությունը շահագրգռված է իր անդամներին հեռացնելու, որովհետև, մշտական հանձնաժողովներում և այլ պաշտոններում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, այսինքն հակակշռող մեխանիզմը կա»:

Իշխող խմբակցությունից Խոսրով Հարությունյանն էլ տարակուսեց․ - «Եթե ինձ ընտրել է ժողովուրդը այդ կուսակցության ծրագիրն իրականացնելու համար, ես կուսակցության հետ եկել եմ անհամաձայնության, ինձ հեռացրել են, ես ի՞նչ իրավունքով պետք է շարունակեմ մանդատը պահել: Տեսականորեն ապագա խորհրդարանի կազմի կեսից ավելին կարող են լինել անկախ պատգամավորներ: Ինչպե՞ս ենք ձևավորելու կառավարություն: Ոչ մի տեղ չի գրված, որ այդ Ազգային ժողովի լիազորությունները պետք է վաղաժամկետ դադարեցվեն: Գործը հասել է նրան, որ մենք նույնիսկ ենթադրում ենք, որ խմբակցությունը կարող է կազմալուծվի, որոշ ժամանակ հետո էլի վերականգնվի: Սա ուղղակի անթույլատրելի է»:

Առաջարկվող կարգին կողմ էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը Գագիկ Ծառուկյանի՝ կուսակցության ղեկավարի քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից հետո փաստացի տրոհվեց, ապա մի խումբ պատգամավորներ նաև այլ կուսակցության շարքերը համալրեցին՝ մնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: Զոհրաբյանը հայտարարեց․ - «Եթե այս կամ այն պատճառով խորհրդարան գալուց հետո պատգամավորը գտնում է, որ իր վեհ գաղափարները չեն համընկնում խմբակցության գաղափարներին և դուրս է գալիս՝ մենք այստեղ մանդատ դնել-չդնելու խնդիր չենք վիճարկում, դա սահմանադրական նորմ է, բայց նա պիտի շարունակի՞ օգտվել խմբակցության բոլոր լիազորություններից, աջ ու ձախ հարցազրույցներ տա՝ վարկաբեկելով, ասենք, տվյալ խմբակցությանը, երբ որ խմբակցության ռեսուրսների, խմբակցության հեղինակության, խմբակցության և կուսակցության հաշվին եկել է խորհրդարան»:

Նաիրա Զոհրաբյանին Հովհաննես Սահակյանն այսպես արձագանքեց․ - «Աջ ու ձախ հարցազրույցներ տալու որևէ սահմանափակում կանոնակարգ օրենքը չի կարող դնել: Իհարկե, խմբակցությունները հեռացնելու և պատգամավորի դուրս գալու դրույթը պահպանվել է: Այս լուծմանը գնացել ենք այսօրվա մեր պառլամենտի պատկերը և դառը փորձը ունենալով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG