Եվրախորհրդարանը երեկ հավանություն է տվել մեխանիզմին, որը թույլ կտա տեսանելի ապագայում Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին ազատել վիզաների պահանջից:
Ըստ երեկվա որոշման, Վրաստանի հարցում վիզաների չեղարկումը քվեարկության կդրվի 2017 թվականի հունվարին, իսկ Ուկրաինայի վերաբերյալ՝ փետրվարին:
Որոշումները կմտնեն ուժի մեջ այն օրը, երբ կհրապարակվեն Եվրամիության պաշտոնական հանդեսում: Սակայն դրան նախորդելու է որոշումների թարգմանությունը, որը կարող է տևել մինչև երկու ամիս:
«Ազատության» թղթակից Ռիկարդ Ջոզվյակի փոխանցմամբ, Եվրախորհրդարանի պատգամավորները երեկվա քվեարկությունը համարում են կարևոր քայլ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ գործող վիզաների պահանջը չեղարկելու ուղղությամբ:
Որոշումն ընդունվել է 485 կողմ, 132 դեմ և 21 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ:
Եվրամիության անդամ-երկրները և Եվրախորհրդարանը այս տարվա աշնանը հավանություն էին տվել Շենգենի տարածք Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների մուտքը առանց վիզաների արտոնելու առաջարկին, սակայն համաձայնություն չէր եղել վիզաների չեղարկումը հարկ եղած դեպքում սառեցնելու դրույթի շուրջ, ինչն անհրաժեշտ է օրինագծի ամբողջական ընդունման համար:
Անցած շաբաթվա ընթացքում ընդունված փոխզիջման համաձայն, թե՛ Եվրամիության անդամ-երկրները, թե՛ Եվրախորհրդարանը կարող են վերականգնել վիզաների պահանջն այն դեպքում, եթե խախտվեն կանոնները:
Այդպիսի վիճակ կարող է ի հայտ գալ, եթե Ուկրաինայից կամ Վրաստանից մեծ թվով քաղաքացիներ տեղափոխվեն Եվրամիության տարածք և այնտեղ խախտեն բնակվելու ժամկետները կամ այլ օրենքներ, և նրանց մնալը տվյալ երկրում համարվի ազգային անվտանգության սպառնալիք:
Վիզաների պահանջը կվերականգնվի նաև այն դեպքում, եթե աճի չհիմնավորված պատճառաբանությամբ ապաստան հայցելու դիմումների թիվը կամ խափանվի միգրանտներին հետ վերադարձնելու մեխանիզմը:
Ուկրաինան և Վրաստանը ձգտում են Արևմուտքի հետ առավելագույն ինտեգրման և ցանկանում են հնարավորինս արագ դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց: