Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանը և Արման Առաքելյանը չեն ընդունում մեղադրանքը


Արարատ Խանդոյանը (ձ) և Արման Առաքելյանը դատարանի դահլիճում: 15-ը դեկտեմբերի, 2016 թ․
Արարատ Խանդոյանը (ձ) և Արման Առաքելյանը դատարանի դահլիճում: 15-ը դեկտեմբերի, 2016 թ․

Դատավորի հարցին, թե արդյոք իրեն մեղավոր ճանաչում է, Ոտիկանության ՊՊԾ գնդի տարածքը զինված խմբի կողմից գրավելու օրերին Խորենացի փողոցում բախումներից հետո կալանավորված Արարատ Խանդոյանը պատասխանեց․ - «Ո՛չ, ո՛չ, ո՛չ»:

«Մինչև առամները զինված ոստիկաններին մարդը դատարկ ձեռով ի՞նչ ա անելու», - շարունակեց Խանդոյանը:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Միայնակ Գայլ մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը մեղադրվում է զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։ Մեղադրող դատախազը դատարանում ներկայացրեց նրա կատարած գործողությունները, որոնք նախաքննական մարմինը որակել է հանցագործություն․ - «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակից Արա Խանդոյանը բռնություն է գործադրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը: Այսպիսիով Արարատ Խանդոյանը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով»:

Այս գործով մյուս մեղադրյալը՝ զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արման Առաքելյանը ևս չընդունեց մեղքը․ - «Ոչ, ես էլ չեմ ճանաչում իմ մեղքը»:

Համաձայն քրեական գործի, հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջեւ բախման հետևանքով տուժել է 46 ոստիկան։ Նրանցից ոչ ոք այսօր դատարան չէր եկել։ Փոխարենը դատական նիստին մասնակցում էին նրանց ներկայացուցիչները։

Մեղադրող դատախազի ներկայացմամբ՝ այդ օրը պետությանը պատճառվել է ավելի քան 9 միլիոն դրամի վնաս։ Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել այդ օրվա տեսագրությունը, որտեղ, ըստ մեղադրյալների, չի երեւում, որ իրենք հարվածում են ոստիկաններին։

Մեղադրյալների պաշտպան Արա Ղարագյոզյանն «Ազատությանը» փոխանցեց, որ գործը դատարան ուղարկելուց հետո անգամ իրենց համար պարզ չէ, թե 46 ոստիկանից որ մեկին են հարվածել պաշտպանյալները։

Ղարագյոզյանը շինծու որակեց գործը և հայտարարեց, որդատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կարող այն օբյեկտիվ քննել։ Փաստաբանը պնդեց, որ դատավորը մի շարք քաղաքական գործեր, այդ թվում Մարտի 1-ի գործն է քննել և միշտ կատարել է իշխանության պատվերը։

«Ինչպես բոլորը գիտեն, Դուք հասարակությանը հայտնի եք որպես պատվեր կատարող դատավոր․ մասնավորապես Մարտի 1, Շանթ Հարությունյան և ընկերներ, Գևորգ Սաֆարյան և այլն։ Տվյալ դեպքում Դուք չեք կարող հավասար մոտեցում ունենալ դատավարության մասնակիցների նկատմամբ՝ ելնելով բերվող հանգամանքներից: Նույն օրը Ձեր կողմից մերժվեց նաև իմ կողմից երկրորդ միջնորդությունը Արարատ Խանդոյանի նկատմամբ որպես կալավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը, որով Ձեր կողմից խախտվեց Քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի առաջին մասը, այն է՝ յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնամխելիության իրավունք»:

Ղարագյոզյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, մերժեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Արարատ Խանդոյանին և Արման Առաքելյանին սպառնում է մինչև 8 տարվա ազատարկում:

Հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 28-ին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG