Մատչելիության հղումներ

«Նախագահ Սերժ Սարգսյանը զգոնության կոչ է անում»


Ընդդիմադիրների համոզմամբ, Սերժ Սարգսյանը պետք է պարզաբանի իր մտահոգիչ հայտարարությունը

«Նախագահ Սերժ Սարգսյանը զգոնության կոչ է անում». - իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես է մեկնաբանում երկրի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղում օրերս արած հայտարարությունը, թե` պետք է պատրաստվել դժվարին ժամանակահատվածի:

«Որովհետև հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու», - մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանը:

Բաղդասարյանն այս առնչությամբ նկատում է. - «Ընդհանուր առմամբ Հանրապետության նախագահը զգոնության կոչ է անում: Պարտավոր ենք միշտ զգոն լինել, որովհետև որևէ խնդիր կարգավորված չէ, Մինսկի խումբը, միջազգային կառույցները նորից երկուստեք են կոչ անում, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետքէ կատարվեն, այսինքն հասցեական չեն անում: Մենք զգում ենք, որ այստեղ բոլոր հայտարարություններև լղոզված են: Այսինքն` չենք տեսնում այն լույսը, որի կողմը պետք է գնանք և դրա շուրջ կատարենք բանակցությունները: Բնականաբար, մենք պետք է զգոն լինենք: Եթե մենք որևէ բան նշմարենք, որևէ լույս նշմարենք, որ` Բաքուն այստեղ համաձայն է, մենք էլ ենք համաձայն և սրա շուրջ կարելի է գալ բանակցությունների, այդտեղ կարելի է հանգստության գնալ, բայց որևէ ձևով, ինչ պայմանավորվածություն ձեռք է բերվում, պաշտոնական Բաքվի կողմից 10 օր կամ մեկ շաբաթվա մեջ դրանք ժխտվում են: Մենք ինչի՞ վրա հույս դնենք, որ հանգստության կոչ անենք: Բա իհարկե` պետք է անհանգստության կոչ անենք, մենք պետք է զգոն լինենք»:

Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը չպետք է դիտարկել բանակցային գործընթացում ոչ հայանպաստ զարգացումների և միակողմանի զիջումներ անելու կոնտեքստում: Մինչդեռ, Հայաստանի նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր՝ Սերժ Սարգսյանի այս պատասխանատու հայտարարությունը ամեն ինչ կարող է նշանակել, հետևաբար` նախագահն ինքը էլ պետք է պարզաբանի այն:

«Դա կարող է նշանակի, որ հնարավոր է պատերազմ լինի, կարող է նշանակի, որ հայկական կողմը պատրաստվում է արդեն գնալ լուծման, որը ցավալի է լինելու: Այնպես որ, երկուսն էլ հնարավոր է, բացառված չէ, որ այդ երկուսի համադրումը լինի` պատերազմ լինի և գնա զիջումների: Դժվար է ասել: Միայն նախագահը կարող է դա բացել ու բացատրել», - նշել էր Օսկանյանը:

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրանյանն էլ ընդգծում է՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե զորքն ու բնակչությունը պետք պատրաստվեն դժվարին ժամանակահատված անցկացնել, ցույց է տալիս, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում այնպիսի զարգացումներ կան, որոնք ստիպում են Հայաստանի իշխանություններին նման մտահոգիչ տոնով խոսել:

«Բաներ կան, որ մենք չգիտենք: Մենք չունենք լիարժեք տեղեկատվություն ռազմաճակատի վիճակի մասին, ռազմական կարողությունների մասին: Մենք չգիտենք ամբողջությամբ, թե ինչ է կատարվում դիվանագիտական ճակատում, ինչ ճնշումներ կան: Ռազմական բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի: Հայաստանի այս կոռուպցիան վտանգ է ազգային անվտանգության համար, սպառնալիք է ազգային անվտանգությանը, որ մենք ծանր վիճակում ենք գտնվում ժողովրդագրական տեսակետից: Բայց կոնկրետ` հիմա ինչ զարգացում կա, որը հենց պարտադրում է արդեն Հայաստանի իշխանություններին նման մտահոգիչ տոնով խոսել, դա արդեն իրենք պետք է պարզաբանեն: Բայց ես վստահ եմ, որ մենք շատ շուտով կունենանք շատ լուրջ քննարկումներ այդ հարցով», - «Ազատության» հետ զրույցում նշեց Զուրաբյանը:

Զուրաբյանը հիշեցնում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականին հրապարակած՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, որտեղ նա խոսում է այն մասին, որ պետք է բանակցել և գալ հանգուցալուծման այն ժամանակ, երբ հայկական կողմը հանդես էր գալիս ուժեղի դիրքերից։ Բանակցություններում թելադրողը հայկական կողմն էր, հիշեցնում է Զուրաբյանը, հարցնելով, թե հիմա ո՞վ էր ճիշտ, Տեր-Պետրոսյանը, թե՞ նրան քննադատողները։

«Այդ վիճակում գալ հանգուցալուծմանը բխում էր բոլորիս շահերից՝ ղարաբաղցիների, հայաստանցիների, ընդհանրապես հայկական կողմի շահերից։ Ի՞նչ է փոխվել։ Այս տարիների ընթացքում ոչ թե, ինչպես պնդում էին Տեր-Պետրոսյանի օպոնենտները, Հայաստանը զարգացել է, ուժեղացել է, ամրապնդել է իր դիրքերը, այլ կատարվել է հակառակը։ Ադրբեջանը, ինչպես և կանխատեսում էր Տեր-Պետրոսյանը, գնալով փոխեց ռազմական բալանսը հօգուտ իրեն։ Բնական է, որ այսօր Հայաստանի բանակցային դիրքերը շատ ավելի թույլ են, քան եղել են 1997 թվականին», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես մտահոգված է բանակցային գործընթացում տեղի ունեցած զարգացումներով։ Ըստ նրա, հայկական կողմը դադարել է խոսել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին, մինչդեռ դա դիվանագիտական հաղթանակ էր, երբ իր՝ արտգործնախարար եղած ժամանակ հայկական կողմից հաջողվեց այդ սկզբունքը ամրագրել բանակցային փաստաթղթում։

«Ես ուղղակի արդեն չեմ լսում ինքնորոշման իրավունքի մասին խոսակցություն։ Շեշտը այսօր դրվում է միայն ու միայն տարածքների վերադարձի վրա։ Դա նշանակում է, որ մենք վերադարձել ենք 90-ական թվականներ և դա իսկապես վտանգավոր երևույթ է», - ասում է Օսկանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG