Մատչելիության հղումներ

Վրաստանցի ակադեմիկոսներն առաջարկում են քրեականացնել զրպարտանքն ու վիրավորանքը


Վրաստանի խորհրդրանի շենքը Թբիլիսիում
Վրաստանի խորհրդրանի շենքը Թբիլիսիում

«Վրաստանի ադրբեջանացման ուղղակի փորձ». այսպես են բնութագրում թբիլիսցի իրավաբաններն ու իրավապաշտպանները Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից այս շաբաթ խորհրդարան ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել զրպարտանքի և վիրավորանքի համար:

Օգտվելով վրացական օրենսդրությամբ իրենց ընձեռված իրավունքից՝ վրաց ակադեմիկոսները խորհրդարանում պաշտոնապես մի օրինագիծ են գրանցել, որի հաստատման դեպքում զրպարտանքի կամ հրապարակային վիրավորանքի համար կարող է երկու տարվա ազատազրկում, հանրային աշխատանքներ կամ 20 հազար լարիի տուգանք սահմանվել: Կրկնակի հանցագործության դեպքում տուգանքի չափն, ըստ վրաց ակադեմիկոսների, պետք է հասնի 50 հազար լարիի, իսկ ազատազրկումը` մինչև 5 տարի ժամկետի:

- «Նմանատիպ նախաձեռնությունը հստակ ռեպրեսիվ բնույթ ունի: Դրա նպատակն է խոսքի ազատության սահմանափակումը: Որևէ մեկի պատիվը պաշտպանելուն ուղղված նման օրենսդրության հաստատումն ի վերջո հանգեցնելու է քննադատության լռեցմանը: Քրեական պատիժ սահմանող նման օրինագծի հաստատումը ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունի: Նման պրակտիկան բնորոշ է ասենք Ռուսաստանին, Ադրբեջանին կամ Բելառուսին», «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարում էր Վրաստանի ամենահայտնի հասարակական կազմակերպություններից մեկի` Վրաստանի երիտասարդ իրավաբանների ընկերակցության ղեկավար Աննա Նացվլիշվիլին։

Վրաց իրավապաշտպանների շրջանում հիմնական մտավախություններն այժմ վերաբերում են օրենսդրական նախաձեռնության հետագա ճակատագրին, ավելի հստակ, թե արդյո՞ք խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունեցող «Վրացական երազանք» դաշինքը հետամուտ կլինի ակադեմիկոսների առաջարկին օրենքի ուժ տալուն, թե՞՝ ոչ:

Իշխանությունների ներգրավվածության հետ կապված հիմնական կասկածները ծագեցին այն բանից հետո, երբ hայտնի դարձավ, որ զրպարտանքի քրեականացում նախատեսող օրինագծի հեղինակներից մեկը մոտ մեկ ամիս առաջ Վրաստանի Սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրված Լալի Պապիաշվիլիի հայրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG