Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները թերահավատ են հակակոռուպցիոն նախագծի հանդեպ


Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանում ներկայացնում է ապօրինի հարստացման դեմ պայքարի մասին օրինագիծը, 14-ը դեկտեմբերի, 2016 թ․
Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանում ներկայացնում է ապօրինի հարստացման դեմ պայքարի մասին օրինագիծը, 14-ը դեկտեմբերի, 2016 թ․

Կառավարությունն առաջարկում է մինչև 6 տարվա ազատազրկման դատապարտել ապօրինի հարստացած պաշտոնյաներին։ Այս նախագիծը, սակայն, օրենքի վերածվելուց հետո հետադարձ ուժ չի ունենա:

Նախագծի հեղինակ՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց՝ փաստաթուղթը վերաբերում է այն պաշտոնյաներին, որոնց հայտարարագրած գույքը կամ դրամական միջոցներն էականորեն կտարբերվեն տարեկան եկամտից։

«Վարույթն իրականացնող մարմինը կրում է ապացուցման բեռ: Պաշտոնատար անձն, անկասակած, ունի ընտրության իրավունք, լռելու իրավունք, որը սահմանադրորեն երաշխավորված իրավունք է: Վարույթն իրականացնող մարմինը պիտի ունենա ապացույցների բավարար համակցություն, որպեսզի անգամ եթե պաշտոնատար անձը լռի, ինքը կարողանա քրեական գործի վարույթը շարունակել»,- խորհրդարանում հայտարարեց նախարարը:

Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված այս նախագիծը, սակայն, հետադարձ ուժ չի ունենա։ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ այդ հանգամանքն անիմաստ է դարձնում կառավարության նախաձեռնությունը։ «Ինչ կա չկա, արդեն ապօրինաբար հարստացան, թալնին պրծան, սաղ տարել են: Մնացել ենք մենք՝ ժողովուրդը ու Սևանա լիճը: Էլ բան չկա տանելու․ գետնի երեսին եղածը, տակի եղածը․․․»,- նկատեց Մարգարյանը։

Արդարադատության նախարարը հակադարձեց՝ «ՀՀ Սահմանադրություն գոյություն ունի: Խստացնող կամ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի: Սա խստացնու՞մ է իրավիճակը, անկասկած այո: Կարո՞ղ ենք հետադարձ ուժ տալ, ոչ»:

Ըստ նախագծի, իրավապահները քրեական գործ կհարուցեն, եթե պաշտոնյաների հայտարարագրած գումարն ու եկամուտներն իրարից կտարբերվեն առնվազն 5 միլիոն դրամի չափով։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մինչև 5 միլիոն դրամ ապօրինի յուրացրած իշխանության ներկայացուցիչները կխուսափեն քրեական պատասխանատվությունից: Այս հարցն արդարադատության նախարարին ուղղեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Այո, չեն պատժվի, բայց դա չի նշանակում, որ պաշտոնատար անձն ինչ-որ իրավասու մարմինների ուշադրությունից կվրիպի»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը: Իշխող Հանրապետականի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հետաքրքրվեց՝ կգործի՞ արդյոք օրենքը, եթե պաշտոնյան գույքը կամ գումարն իր անունով չգրանցի։ «Փաստաթղթերով իր մոտ ամեն ինչ նորմալ է, բայց ինքն ունի 6 տուն, զոքանչի, մորաքրոջ տղայի, մորաքրոջ հարսի, քեռու որդու անունով: Գիտեն որ դա իրենն է դե ֆակտո, բայց դե յուրե իրենը չի, ի՞նչ ենք անելու այս դեպքում»,- հարց տվեց Շարմազանովը:

«Մինչև զոքանչի մակարդակ փոխկապակցված անձանց շրջանակն ընդլայնել․․․ աշխարհի ոչ մի երկիր չի արել դա: Երբ դու սկսում ես անբնական ձևով սեղմել այդ շրջանակը, միևնույն է՝ պաշտոնատար անձը սկսում է գտնել այլ շրջանակ»,- պատասխանեց արդարադատության նախարարը:

Նախագիծը լավն է, բայց այն չի գործելու, պնդեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զահրաբյանը: Նրա խոսքով՝ պաշտոնյաների մեծ մասն ապօրինի կերպով ձեռք բերած գումարները ձևակերպում է որպես փոխառություն։ «ԱԺ բազմաթիվ պատգամավորների հայտարարագրեր նայեք, նախարարների հայտարարագրեր նայեք, եկամուտս եկել է փոխառություններից: Պաշտոնյան թող որոշի՝ կամ գնա լոմբարդում աշխատի, կամ տոկոսով փող տվող աշխատի, կամ լինի պաշտոնյա»,- ասաց Զոհրաբյանը:

Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց՝ «Սկզբունքորեն մենք չենք կարող մարդկանց արգելել: Այսինքն, ո՞նց ենք արգելում ինչ-մեկին՝ վարկ վերցնել ու ավանդ տալ»:

Դրական գնահատելով նախագիծը՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, միևնույն ժամանակ, նշեց՝ այն չի վերացնի կոռուպցիան։ Նրա պնդմամբ՝ գողացած գումարները պարզապես չեն հայտարարագրվի և կծախսվեն կանխիկ տեսքով կամ դուրս կբերվեն երկրից: Նախագիծը ներկայացնողն այս մտահոգությանն էլ հետևյալ կերպ արձագանքեց՝ «Ի վերջո, կոպիտ ասեմ՝ էդքան գումար բարձի տակ չես պահի, երբ դուրս ես հանում, դա էլ է ստուգվելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG