Եվրամիության ղեկավարներն ու Եվրոպական խորհրդարանի անդամներն այսօր Ստրասբուրգում մեկ անգամ ևս կքննարկեն Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հարցը: Այս մասին երեկ Բրյուսելում հայտնեց Եվրամիության նախագահող պետության` Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
Նրա խոսքով՝ այսօրվա քննարկումներից բացի Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հարցը ընդգրկված է նաև Եվրոպական միության ազդեցիկ կառույցներից ևս մեկի` ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի՝ COREPER-ի դեկտեմբերի 20-ին կայանալիք նիստի օրակարգում:
Սլովակիայի արտգործնախարարի պնդմամբ, սակայն, ի տարբերություն նախորդ ամիսների, այս անգամ Եվրամիության անդամները Վրաստանի քաղաքացիներին հազիվ թե որևէ տհաճ անակնկալ մատուցեն:
«Մեր կարծիքով՝ որևէ չլուծված խնդիր այլևս գոյություն չունի: Բոլոր խնդիրների շուրջ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել: Ամեն դեպքում ես չէի ցանկանա շատ շտապել: Պետք է հաշվի առնել, որ Եվրամիության ընթացակարգեր գոյություն ունեն, որոնց հարկավոր է հետևել: Բայց գոնե այս պահին կարող եմ արձանագրել, որ որևէ խոչընդոտ Վրաստանին` Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ տրամադրելու հարցում ես չեմ տեսնում», - նշում էր Սլովակիայի արտաքին գործերի նախարարը:
Բրյուսելում հավատարմագրված վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին, թե ո՞րն է այժմ Եվրամիության հիմնական ուղերձը Վրաստանի քաղաքացիներին, Միրոսլավ Լայչակը շատ հակիրճ պատասխանեց. - «Նրանք շուտով ազատ վիզային ռեժիմից օգտվելու հնարավորություն կստանան»։
Լայչակի խոսքով, ի դեպ, այս օրերին Եվրամիության ղեկավար կառույցներում օրակարգային մյուս հրատապ թեման Թուրքիայի հետ հարաբերություններն են:
Մի քանի ժամից Բրյուսելում այդ հարցը քննարկելու են Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները` «Ընդհանուր հարցերի խորհրդի» նիստի շրջանակներում: Այս կառույցը հիմնականում զբաղվում է Եվրամիության գագաթաժողովների օրակարգի ձևավորմամբ:
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է դադարեցնենք մեր բանակցությունները Թուրքիայի հետ: Իմ համոզմամբ, երկխոսությունը պետք է շարունակել, քանի որ Թուրքիան Եվրամիության կարևոր գործընկերն է: Հուսով եմ, որ Եվրամիության արտգործնախարարները ի վիճակի կլինեն մեկ անգամ ևս բարձրաձայնել այս մոտեցումը», - նշում էր մինչև տարեվերջ Եվրամիության նախագահությունը իրականացնող Սլովակիայի արտաքին գործերի նախարարը: