Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները շարունակում են բողոքել


«Նաիրիտ»-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին փակել էին գործարանին հարակից փողոցը՝ պահանջելով հուլիսից ի վեր չվճարված աշխատավարձը։

Գործարանի արհմիության տվյալներով, աշխատավարձի պարտքը 200 միլիոն դրամից ավելի է։ Նաիրիտցիները նոյեմբերին Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությանն էլ էին դիմել, սակայն հարցը չէր լուծվել։

«Մենք ո՛չ խուլիգան ենք, ո՛չ էլ եսիմ ինչ ենք, ո՛չ էլ ողորմություն ենք խնդրում: Մեր փողն ենք ուզում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նաիրիտցիներն ասում էին, որ փողոց են դուրս եկել վճռական տրամադրվածությամբ։

Այստեղ ժամանած Շենգավիթի ոստիկանության աշխատակիցները, մինչդեռ, գործարանի աշխատողներին հորդորում էին հասարակական կարգը չխախտել՝ սպառնալով հակառակ դեպքում բերման ենթարկել․ - «Դուք այլ քաղաքացիների ազատ շարժն եք արգելում, խոչընդոտում եք: Էդի արդեն իրավախախտում ա ձեր կողմից»:

Այդուամենայնիվ, մոտ մեկ ժամ անց ոստիկաններին հաջողվեց փողոցն աստիճանաբար բացել, ու քննարկումը գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի աշխատասենյակ տեղափոխվեց։ Տնօրենը, սակայն, լրագրողներին թույլ չտվեց իր սենյակ մտնել՝ նշելով, որ սա իրենց ներքին հարցն է։

Մեկ ժամ տևած քննարկումից հետո էլ շատ բան չպարզվեց։ Տնօրեն Սաղաթելյանն աշխատակիցներին խորհուրդ տվեց սպասել գործարանի գույքի վաճառքին։

«Դա կարող ա տևել երկու-երեք տարի: Օրինակ, մեր «Քիմպրոմ»-ի պատմությունը․․․ Ժամանակ շահելու, ինչ-որ բանի խնդիր ա: Հիմնականում նույն բաներն են ասում, նորություն չկա: Ժամանակի խնդիր, ձգձգել․․․ իսկ էսօր մարդիկ ապրել են ուզում, երեխան հաց ա ուզում», - փոխանցեց տնօրենի հետ հանդիպման մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, նոյեմբերի վերջին դատարանի որոշմամբ Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի հսկան սնանկ ճանաչվեց, ու բավարարվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հարցը, որին գործարանը մեկ միլիարդ 200 միլիոն դրամից ավելի գումար է պարտք։

Ինչ վերաբերում է աշխատողներին, ապա նրանք պարտատերերի թվում առաջիններից չեն։

«Հարգելի կառավարություն, առաջարկում եմ Ձեզ գումարի լուծման ալտերնատիվ տարբերակ: 250-300 հոգի ոստիկանության անձնակազմ ա եղել իրենք մեքենաներով․ ծախսել են վառելիք, մարդկանց աշխատանքից ուրիշ տեղից կտրել են, բերել են․․․ Դրանց գումարը վերցրեք, տվեք մեզ: Մեր գումարը կազմում ա 86 հազար դոլար ամսական կտրվածքով», - առաջարկեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Գործարանի 260 աշխատակիցները չգիտեն, թե դեռ ինչքան ժամանակ այստեղ կաշխատեն։ Չնայած սնանկ ճանաչվելու որոշմանը՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը դեռ օրակարգում է։ Կառավարությունը գործարանը վերագործարկել ցանկացող ներդրողների համար մրցույթ է հայտարարել մինչև հունվարի 20-ը։

«Հենց սնանկացումն է այն մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս խթանելու ներդրողներին՝ եթե այդպիսիք կան, որպեսզի գան և ներկայացնեն առողջացման ծրագիր»,-օրերս Ազգային ժողովում հայտարարել էր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով այն մտահոգություններին, թե սնանկությունից հետո գործարանն այլևս չի աշխատի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG