Մատչելիության հղումներ

ԼՀ, ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին


«Լուսավոր Հայաստան» (ԼՀ), «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունները այսօր պաշտոնապես հայտարարեցին խորհրդարանական, ապա նաև Երևանի ավագանու ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին։

Երեք ուժերը քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրեցին, որում, մասնավորապես, ասվում է, որ կողմերը համատեղ գործունեության, այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով, համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ: Դեռևս անվանում չունեցող դաշինքը հույս ունի ստանալ ընտրողների քվեների 50 գումարած 1 տոկոսը։

Ո՞վ կգլխավոր նորաստեղծ դաշինքի ընտրական ցուցակը և ո՞վ կլինի դաշինքի վարչապետի թեկնածուն. հարցերի պատասխանները դեռ չունեն, համենայն դեպս նախկինում կայացված որոշումները իրավական ուժ չունեն, ասաց ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այն հիշեցումից հետո, որ հենց ինքն է իր կուսակցության վարչապետի թեկնածուն: - «Բնականաբար ամեն ինչ պետք է դիտարկել այս հուշագրի շրջանակներում: Ասել ենք նաև մեր արտահերթ համաժողովից առաջ և համաժողովի ընթացքում, որ մենք նախկինում կայացված որոշումներով կաշկանդված չենք և այս համատեքստում բոլոր քննարկումները պետք է սկսվեն զրոյից: Այսինքն՝ կողմերից որևէ մեկը չի եկել մյուս գործընկերներին ինչ-որ լուծումներ պարտադրելու և այլն», - պարզաբանեց պատգամավորը:

Փաշինյանի խոսքով՝ վստահ են, որ բոլոր կնճռոտ հարցերում կգան ընդհանուր հայտարարի, որովհետև այդպիս մի էջ արդեն թերթել են։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանը» և «Քաղաքացիական պայմանագիրը» ինչպե՞ս են մի կողմ դրել Վանաձորի նախընտրական պայքարի ընթացքում միմյանց հասցեին հնչեցված մեղադրանքը, և մասնավորապես՝ ԼՀ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ իրական ընդդիմադիր լինել կասկածի տակ առած Փաշինյանը ինչպե՞ս փոխեց կարծիքը «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի մասին։

«Եթե մենք դիտարկենք վերջին ամիսների, և նույնիսկ ավելի երկարաժամկետ պատմությունը, կարող ենք ասել, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, դրա հիմքում և խորքում եղել է համագործակցության հնարավորությունների փնտրտուքը: Այսինքն՝ մենք բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, արձանագրել ենք մեր տարընթերցումները և այսօր, ի դեմս այդ երեք փաստաթղթի, մենք ունենք իրավիճակ, երբ այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են», - այս առնչությամբ ասաց Փաշինյանը:

Էդմոն Մարուքյանը հավելեց․ - «Մեզ ոչ միայն քննադատում էին նրա համար, որ անհաշտ էինք, այլ նաև քննադատում էին, որ չենք միանում: Եվ մենք, վեր կանգնելով այդ ամենից, բնականաբար քննարկելով այդ ամենը միասին, սկսում ենք մի նոր՝ շատ կարևոր ճանապարհ»:

Երեք կուսակցությունների՝ Մարուքյանի նշած «նոր ճանապարհը» ֆինանսավորելու խնդիրներ դաշինքի ներկայացուցիչները չեն տեսնում, քանի որ, իրենց խոսքով, փոքր ռեսուրսներով մեծ արդյունքի հասնելու փորձ արդեն անեն։ Այնուամենայնիվ, կփորձեն որպես հովանավորներ ներգրավել գործարար միջավայրի այն ներկայացուցիչներին, ում շահերը համընկնում են նորաստեղծ դաշինքի շահերին։

«Իսկ որո՞նք են այդ շահերը, ինչի՞ դեմ ենք մենք ընդհանրապես միշտ պայքարել․ մենք պայքարել ենք մոնոպոլիաների դեմ, մենք պայքարել ենք հանուն հավասար հնարավորությունների, և ես վստահ եմ, որ Հայաստանում կան գործարարներ, կան մարդիկ, որոնք ցանկանում են ունենալ հավասար հնարավորություններով տնտեսություն», - մանրամասնեց «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը:

Համատեղ քաղաքական գործունեության հուշագրում 3 ուժերը խոսում են իրենց դաշինքում նոր կուսակցությունների ներգրավման մասին, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ Սասուն Միքայելյանի խոսքով, այս պահին փակագծերը բացելու անհրաժեշտություն չկա։

Հարց հնչեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին Գագիկ Ծառուկյանի վերադարձի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին․ արդյոք այդ ուժերը նոր դաշինքի մրցակիցնե՞րն են։ Հարցին պատասխանեց «Հանրապետության» ղեկավար Արամ Սարգսյանը․ - «Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի արգելում ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել: Լևոն Տեր-Պետրոսյանի մասով չեմ կասկածում, որ կծավալի ընդդիմադիր գործունեություն: Գագիկ Ծառուկյանի մասով՝ ժամանակը ցույց կտա: Գնահատականներ տալու խնդիր չեմ տեսնում: Մեր գործունեությունը չենք կապում այդ ուժերի հրապարակ մտնելով կամ չմտնելով: Մեր պայքարը գործող իշխանության դեմ է՝ այս վարչախմբի»:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նորաստեղծ դաշինքի ապագայի մասին կարծիք հայտնելը, նախ ասաց՝ «կոռկետ չի համարում», քանի որ այն «ընդամենը ժամեր առաջ է ստեղծվել», այնուամենայնիվ նկատեց, որ փորձը ցույց է տալիս՝ դաշինքները Հայաստանում կարճ կյանք են ունենում:

«Այո, դաշինքները մեծ մասամբ մեր քաղաքական դաշտի իրականության մեջ եղել են այդպիսին, և եթե, իրենց պնդմամբ, որ դա քաղաքական հենքի վրա է, ծրագրային դրույթների համատեղության, եթե իրոք այդպիսին է՝ դա ցույց կտա մի քանի ամիս հետո, մեկ-երկու տարի հետո՝ նրանց քաղաքական գործունեության արդյունքը: Եթե միակ նպատակը և ինքնանպատակ գնում են միայն Ազգային ժողով մտնելու համար՝ ես ցավում եմ այդ երևույթի համար», - նշեց Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG