Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ՝ ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին դաշինքով գնալու առաջարկներ ստացել է։
Զուրաբյանը, սակայն, չցանկացավ այլ մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ դա էթիկայի նորմերի կոպիտ խախտում է։
«Պետք է ասեմ, որ մեզ առաջարկներ եղել են։ Չէ, սակայն, չեմ ասի, որովհետև դա համարում եմ էթիկայի նորմերի կոպիտ խախտում, որովհետև պայմանավորվածություններ կան, որ այդ բոլոր բանակցությունները և քննարկումներն արվում են կոնֆիդենցիալ, որովհետև շատ անհարմար բան է, եթե ինչ-որ մեկը դիմել է, հետո դու դրա մասին հանրությանը հայտնում ես, հետո էդ պրոցեսը կարող է հաջողությամբ չպսակվել, և անհարմար իրավիճակում ընկնեն այն մարդիկ, ովքեր առաջարկով հանդես են եկել», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։
Ճշտող հարց՝ ինչպե՞ս է դա եղել՝ ՀԱԿ-ն է հրավիրե՞լ, թե՞՝ ՀԱԿ-ին են հրավիրել, Զուրաբյանը պատասխանեց. - «Ո՛չ, եղել է հետևյալը՝ մենք ընդհանուր առմամբ, հրապարակայնորեն մեր պատրաստակամությունը հայտնել ենք դաշինքի գնալու, եթե կան ուժեր, ովքեր իրական իշխանափոխություն են ուզում ընտրությունների միջոցով։ Դրանից հետո հետևել են առաջարկներ մեզ կոնկրետ մի քանի քաղաքական ուժերի կողմից։ Եղել է առաջարկ, որ կազմվի հնարավորինս լայն դաշինք, որի մեջ կներառվեն, օրինակ, 7-8 կուսակցություններ՝ հիմնական, այսպես ասած, ընդդիմադիր խաղացողները։ Մենք համաձայնություն ենք տվել բանակցություններ սկսելուն, բայց ինչ-որ ժամանակ անց պարզվեց, որ երեք կուսակցություն, որոնք ենթադրվում էին այդ դաշինքի մեջ, իրենք արագ ինչ-որ բանակցություններ անցկացրեցին և կնքեցին իրենց դաշինքը։ Քավ լիցի, ես չեմ ցանկանում որևէ մեկին քննադատել, դա բոլոր կուսակցությունների սուվերեն իրավունքն է, բայց մեզ թվում է, որ այնուամենայնիվ, եթե մենք նպատակ ունենք մեծ դաշինք կնքելու, շտապել... համենայն դեպս մենք չէինք գնա այդ ճանապարհով՝ շտապելու, ինչ-որ ավելի նեղ միավորումներ ստեղծելու, որովհետև խնդիրն իսկապես դրված էր, ոչ թե ինչ-որ մեկի շանսերը բարելավելու, որ կարողանանք անցնել այն հինգ տոկոսանոց, կամ յոթ տոկոսանոց բարիերը, այլ խոսքը գնում էր ավելի լայն ծրագրի մասին, որ կարողանանք երկրում իշխանափոխություն կատարել։ Եթե այդպես է, ուրեմն պետք չէր շտապել, պետք էր բանակցել, մենք այդ պատրաստակամությունը հայտնել ենք և մենք չենք գնացել որևէ միակողմանի քայլի, որը կարող էր այդ ընդլայնված դաշինքի ստեղծմա հեռանկարները վտանգել»։
«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 11-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․