Մատչելիության հղումներ

Փորձագետներ․ Տարածաշրջանում Հայաստանը հայտնվում է ոչ-շահեկան վիճակում


Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության տարածք մուտքի վիզաները վերացնելու մասին որոշման հետևանքով, ըստ հայաստանյան փորձագետների, մեր երկիրը տարածաշրջանում հայտնվում է ոչ-շահեկան վիճակում:

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի խոսքով՝ մեկ փաստաթղթով Վրաստանն ու Ուկրաինան մի քանի հարց լուծեցին, քանզի դրանով նաև տենտեսական, կրթական համագործակցության լուրջ դաշտ է բացվում այդ երկրների համար․ - «Դա նշանակում է նաև, որ որոշակի տնտեսական զարգացումներ կլիներ Վրաստանում և Ուկրաինայում, որ ավելի շատ ներդրումներ կգան, և, բնականաբար, տարբեր աջակցությունների ծրագրերի քանակը է՛լ ավելի կմեծանա: Արդեն իսկ անհամեմատելի են այդ ծրագրերի քանակները Հայաստանի հետ: Միանշանակ Հայաստանը, իհարկե, կորցնում է»:

Ըստ մասնագետների, 2013-ի սեպտմբերի 3-ին, երբ Հայաստանը կտրուկ փոփոխություն կատարեց իր արտաքին քաղաքականությունում՝ հրաժարվելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, և անդամակցեց նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությանը, արդեն իսկ իրեն դատապարտեց ձախողման: Նավասարդյանի խոսքով՝ առաջիկա տարիներին Վրաստանի և Հայաստանի միջև անջրպետը է՛լ ավելի կխորանա՝ եթե հանկարծ «հրաշք տեղի ունենա և ԵԱՏՄ-ն սկսի զարգանալ»․ - «Փաստորեն Հայաստանը ընտրություն կատարեց ավելի տնտեսապես թույլ միավորման օգտին»:

«Եվրասիական տնտեսական միությունը խոչընդոտում է Հայաստանի արդյունավետ աշխատանքը Իրանի, Վրաստանի, Եվրամիության հետ՝ Հայաստանին չտալով ոչ մի օոգուտ», - վստահ է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա ընդգծում է, որ այս պայմաններում, երբ հարևանները համագործակցության տարաբնույթ արդյունավետ ճանապարհներ են հարթում, Հայաստանը դուրս է մնում մի շարք լուրջ տարածաշրջանային ծրագրերից․ - «Բոլոր հնարավորություններից մենք հրաժարվեցինք, ուրեմն օրեցօր մեր վիճակը ավելի կբարդանա: Այլընտրանքները քչանում են: Օրինակ, Իրանը էսօր էլ ուզում է մեզ հետ իրականացնել ծրագրեր, բայց Իրանը անվերջ չի կարող սպասել: Սերժ Սարգսյանի կողմից, ադմինիստրացիայի կողմից վարված քաղաքականությունը լուրջ ձախողումների բերեց այդ կոնտեքստով․ առաջին հերթին այն կոնտեքստով, որը կոչվում է տարածաշրջանային համագործակցություն»:

«Իսկ տարիներ անց Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հաջողություններն ավելի ակնհայտ կդառնան», - պնդում է Գրիգորյանը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ համագործակցող երկրները «լրջագույն ձեռքբերումներ կունենան բիզնեսի և հատկապես էներգետիկ ոլորտում», ինչի արդյունքում այդ երկրների քաղաքացիները սեփական գրպանի վրա կզգան սոցիալական բեռի թեթևացումը: Հայաստանը, մինչդեռ, կմնա կոտրած տաշտակի առջև․ - «Ուկրաինան նույն խաղի կանոնների մեջ է, ինչ որ Եվրամիությունը, և դա է պատճառը, որ «Գազպրոմ»-ը չի կարող թելադրել գները: Էսօր ֆիկսվեց նոր գին՝ «Գազպրոմ»-ի գինը Ուկրաինայի համար՝ 180 դոլար: Մենք մուծում ենք ուղիղ երկու անգամ ավելի թանկ»:

Մոտ կես տարի առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը ներառված է Եվրամիության Արևելյան գործընկերության հաջորդ՝ 2017 թվականի գագաթաժողովի օրակարգում:

«Հասկանալով նաև հայերի հիասթափությունը՝ ուզում եմ նշել, որ դուք մոռացված չեք, դուք օրակարգում եք», - ասել էր Սվիտալսկին:

Մասնագետները, մինչդեռ, այստեղ էլ նկատում են, որ Հայաստանը գործուն քայլեր չի ձեռնարկում ԵՄ-ի հետ համագործակցությանն ավելի ակտիվ ընթացք տալու ուղղությամբ:

«Բելառուսը ու Ադրբեջանը շատ ակտիվ աշխատում են ու հասկանում են, որ էդ կապերը պետք են», - ասաց Ստեփան Գրիգորյանը:

«Այն եռանդը, որ ունեին Եվրամիությանից բանակցող պաշտոնյաները մինչև 2013 թվականը, կամաց-կամաց սպառվում է: Միայն ասելով, որ մենք ուզում են, դա քիչ է: Դու պիտի ապացուցեց, որ իրոք ուզում ես», - նշեց Բորիս Նավասարդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG