Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հետաքննում է պատգամավորին և լրագրողին առնչվող միջադեպը


Ռուբիկ Հակոբյան, արխիվ
Ռուբիկ Հակոբյան, արխիվ

Միջադեպի առնչությամբ դատապարտող հայտարարություն են տարածել նաև լրագրողական մի շարք կազմակերպություններ:

Դատախազության ցուցումով, Ոստիկանությունը լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա հետաքննություն է սկսել: Խոսքը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ գործադրված բռնությանն առնչվող հաղորդումների մասին է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տասնօրյա ժամկետում պետք է որոշում կայացվի քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու վերաբերյալ:

ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր Ազգային ժողովում, մինչև նիստի աշխատանքների մեկնարկը, հայտարություն արեց իր և «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպի մասին:

Հակոբյանը ներողություն խնդրեց, սակայն, ոչ թե լրագրողից, այլ խորհրդարանից, քանի որ, վերջինիս խոսքով, միջադեպը Ազգային ժողովի մասին ոչ դրական գնահատականների առիթ է տվել․ - «Ցավ եմ զգում, որ որոշ կայքէջեր, սոցիալական ցանցեր, ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին այս՝ խորհրդարանին ոչ հարիր միջադեպի համար: Բայց նաև ուզում եմ ասել, որ այդ միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, եղել է խուլիգան, որի հետագա գործողությունը փորձել եմ կանխել»:

Ապա, նա դիմեց լրագրողներին՝ ասելով․ - «Ճիշտ եք անում, որ քննադատում եք բռնությունը, բայց ես կխնդրեի նաև, որ այն լրագրողները, ովքեր պատվեր են կատարում թերթի, գլխավոր խմբագրի, մի քիչ ուսումնասիրեք՝ նրանք իրավունք ունե՞ն լրագրությամբ զբաղվելու: Բարձր եմ գնահատում լրագրությունը․․․ և կուզենամ, որ այդ դաշտում լինեն իսկապես լրագրողներ, այլ ոչ թե բանսարկու, տգետ անձեր»:

Արձագանքելով պատգամավորի այս ելույթին, լրագրող Վահե Մակարյանն ասաց․ - «Ոչ մի գնահատական չունեմ: Ինքը ներողություն է խնդրել ընդամենը խոհրդարանից՝ իր մասնակցությամբ միջադեպի համար, բայց ոչ նրա համար, որ ինքը ինձ համոզելով, խաբեությամբ տարել է տեսախցիկներից և մարդկանց աչքից հեռու մի տեղ՝ զրուցելու նպատակով, և հարվածել է ինձ: Դրա համար ինքը ներողություն չի խնդրել»:

Անդրադառնալով Հակոբյանի պնդումներին, թե միջադեպի մյուս կողմը ոչ թե լրագրող, այլ խուլիգան է եղել, որի հետագա գործողությունն ինքը փորձել է կանխել՝ Վահե Մակարյանն արձագանքեց․ - «Ես չգիտեմ իմ ո՞ր գործողությունն ինքը պետք է կանխեր ու չգիտեմ խուլիգանական արարքը ո՞րն էր՝ պատգամավորին հարց տա՞լը, օրինակ, Դաշնակցության գաղափարախոսության մասին, թե՞ լրագրողին խաբեությամբ տանելն ու հարվածելը: Թող հասարակությունը գնահատի՝ այստեղ որն է խուլիգանական արարքը»:

Լրագրողը հավելեց, թե դեռ հստակ չի որոշել, թե ինչ է ձեռնարկելու միջադեպի հետ կապված․ - «Ենթադրաբար, նվազագույնը հայց կներկայացվի Էթիկայի հանձնաժողով»:

Կատարվածի առնչությամբ այսօր դատապարտող հայտարարություն են տարածել նաև լրագրողական մի շարք կազմակերպություններ՝ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողովից պահանջելով քննարկել այս միջադեպում պատգամավորի դրսևորած վարքագիծը և հրապարակել իր եզրակացությունը:

«Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու հայտնի այլ անձինք կորցնում են ինքնատիրապետումն անհաճո հարցեր լսելիս և թույլ են տալիս իրենց զբաղեցրած դիրքին ոչ հարիր արարքներ», - նշում են հայտարարության հեղինակները՝ պահանջելով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից անհապաղ ներողություն խնդրել լրագրող Վահե Մակարյանից և ապագայում բացառել լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելն ու անվայել պահվածք դրսևորելը:

«Համարում եմ, որ ո՛չ երեկվա, ո՛չ էլ այսօրվա հիմնավորումները կամ բացատրությունները Ռուբիկ Հակոբյանի, մեղմ ասած, համոզիչ չեն: Եվ ինչ հարց էլ, որ եղած լինի, նույնիսկ սադրանք եղած լինի, դա հիմք չի տալիս, որպեսզի քաղաքական գործիչը, անցյալում լրագրողը, դիվանագետը անցյալում, իսկ հիմա քաղաքական գործիչը և պատգամավորը բռունցքներին ազատություն տար: Եվ այդ ներողությունը, որը որ այսօր ինքը հնչեցրել է, կարծում եմ, պետք է շարունակություն ունենա, և այնուամենայնիվ ինքը լրագրողից ներողություն խնդրի, որովհետև առաջին հերթին ինքը իրան է վիրավորել և բռնության ենթարկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG