Մատչելիության հղումներ

Համատեղ համերգով հանդես կգան «Հովեր» երգչախումբն ու «Վահագն Հայրապետյան տրիոն»


«Վահագն Հայրապետյան տրիոն» և «Հովեր» պետական կամերային երգչախումբը ունկնդրին կառաջարկեն ավանդական երգեր՝ ոչ-ավանդական կատարումներով:

Դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունենալիք համերգը կրում է «Թե չես գա-լի, մը-նաս բարի» խորագիրը:

Այսօր հրավիրած ասուլիսին նախագհի հեղինակները ասացին, որ համերգի ընթացքում կներկայացվեն Ապարանի տարածաշրջանի ժողովրդական և ազգագրական երգերից՝ ժամանակակից մշակումներով:

Երգերն ընտրված են Ալինա Փահլևանյանի ժողովածուներից, մշակումները Վահագն Հայրապետյանն են:

«Այդ երգերը այնքան ռիթմիկ ու այնքան հարմոնիկ կառուցվածք ունեն: Դրանք պարզ մեղեդիներ են: Ես փորձել եմ ընդհանրապես ձեռք չտալ: Որպես մեղեդի ոչ մի կերպ չեմ փոխել: Ոնց որ կար, նույն կերպ կա՝ իր համով, իր հոտով, իր գույնով, իր տոնայնությամբ, իր ամեն ինչով: Ուղղակի հետաքրքիր, ժամանակակից մի երանգ է հաղորդվել այդ ամեն ինչին», - փոխանցեց Վահանգ Հայրապետյանը:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ Ապարանը մեր «ամենաերգեցիկ շրջաններից է»․ - «Կոմիտասը Ապարանում է ձայնագրել «Մոկաց Միրզա»-ն: «Սասնա ծռեր»-ի հինգ տարբերակները այստեղ են ձայնագրվել, այստեղ են ամփոփվել: Բայց սրանք [համերգին կատարվելիք երգերը] հայտնի երգեր չեն: Ես ու Վահագը հատուկ որոշեցինք հայտնի երգերին չանդրադառնալ: Դա հատուկ արվեց, որովհետև մենք ուզում էինք, որ դրանք ևս հայտնի դառնան: Եվ հազարավոր, միլիոնավոր այսպիսի երգեր կան՝ շրջանից շրջան այս երգերը գանձի պես գոյություն ունեն, ապրում են և տարբերակվում են»:

«Ես չեմ ուզում այս ամենը ջազի հետ կապել», - նշեց Հայրապետյանը: - «Ջազը այս ամենի հետ կապ չունի․․․ Սա ուղղակի, Սոնան շատ ճիշտ ասեց՝ ավանդական երգերի ոչ-ավանդական մշակումներ են»:

Համերգը իրականացվում է Մշակույթի նախարարության հովանավորությամբ: Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանն ասաց․ - «Այս նախագծում տեսնում ենք շատ կարևոր մի հիմք, որը կոչվում է ավանդական մշակույթ: Այսինքն՝ ավանդական մշակույթը ներկայացված է ժամանակակից լեզվով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG